«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Իրավաբան.net-ը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հավատամքի մասին խոսել է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։
– Տեր Եսայի, ի՞նչ ասել է՝ եկեղեցու հավատամք։
-Հավատամքը դավանանքի այն բանաձևված տարբերակն է, որ ամփոփում է իր մեջ եկեղեցու ամբողջ աստվածաբանական ընկալումները, պատկերացումները՝ կապված Սուրբ Երրորդության, Սուրբ Երրոդության երեք անձերի հետ։ Հավատո հանգանակը ձևավորվեց հենց այդ շարժառիթով, որովհետև հասարակության մեջ առաջին դարից հետո, երբ քրիստոնեությունը սկսեց ամբողջ աշխարհով մեկ տարածվել, որից հետո հաստատվեցին եկեղեցիները, եպիսկոպոսական աթոռները, հավատացյալների թիվն աճեց, եղան մարդիկ, որոնք սկսեցին հերետիկոսական մոտեցումներ ձևավորել և դրանք հանրայնացնել՝ ներկայացնելով, որ դրանք բացարձակ ճշմարտություններ են։ Ի պատասխան այս հերետիկոսական պատկերացումների, աստավածաբանական մտքի խեղաթյուրման՝ կարիք եղավ հավատո հանգանակի բանաձևվմանը, որը ամբողջական, ամփոփ ներկայացնում է եկեղեցու վարդապետությունը և աստվածաբանությունը։ Այսինքն՝ այն ամենն է, ինչին մենք հավատում ենք, ինչը կազմում է եկեղեցու հիմքը։
– Ո՞րն է Հայաստանյայց առաքելական եկեղեցու հավատամքը և ե՞րբ է ձևավորվել։ Խնդրում եմ մանրամասնել Նիկիայի Ա տիեզերական ժողովի և Նիկիական հանգանակի մասին:
– Նիկիական հանգանակը հաստատվեց 325թ․ Նիկիայի տիեզերական ժողովում, որին 318 հայրապետերի շարքում մասնակցում էր նաև Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արիստակես Հայրապետը, ով նիկիական տիեզերական ժողովի որոշումները բերեց Հայաստան և, բնականաբար, ընդունվեց նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Նիկիական հանգանակի մեջ հստակորեն ընդգծվում և ամփոփվում է Սուրբ Երրորդության երեք անձերի մասին եկեղեցու աստավածաբանական պատկերացումները։ Իսկ Նիկիայի ժողովի շարժառիթը Արիոսն էր, ով հայտարարեց, որ Քրիստոս Աստված չէ, ստեղծված է Հայր Աստծո կողմից, իսկ եթե մենք ասում ենք, որ Քրիստոսը ստեղծված է, դա նշանակում է, որ մերժում ենք Նրա աստվածությունը։ Ըստ Արիոսի տեսության՝ պարզապես գերմարդ է Քրիստոսը, ով ունի աստավածային շնորհներ, գերբնական ուժ, զորություն, որով և գործել է երկրի վրա։ Խնդիրն այստեղ այն է, որ եթե մենք ընդունում կամ պատկերացնում ենք, որ Քրիստոսը սովորական մարդ է, մեզանից պարզապես տարբերվում է իր կատարյալ կարողություններով, մտքի ունակություններով և բարոյական նկարագրով, ապա Քրիստոսը որպես մարդ չէր կարող մեր փրկագործությունն իրականություն դարձնել, որովհետև, եթե պիտի մարդը փրկեր մարդուն մեղքից, ուրեմն քրիստոնեական վարդապետությունն այստեղ աղճատվում է, և մարդկային կյանքի փրկագործության խորհուրդն է խաթարվում։ Հետևաբար, նիկիական ժողովը դատապարտեց Արիոսի այս մոլորությունը, որ Քրիստոս մարդ էր և ոչ թե Աստված։
– Մենք գիտենք, որ Հավատամքը հնչում է նաև Պատարագի ժամանակ, որը եկեղեցու ամենակարևոր դոգման է։ Ինչի՞ն ենք մենք հավատում։
– Հանգանակն ընթերցվում է և՛ Պատարագի ժամանակ, և՛ Պսակի խորհրդի, և՛ Մկրտության խորհրդի ժամանակ, պարզապես կա հանգանակի ամբողջական տեքստը և նաև ավելի համառոտ տարբերակը, որտեղ հիմնական դրույթներն են։ Հանգանակի հիմնական բովանդակությունն է, որ մենք հավատում ենք Հայր Աստծուն, ով ստեղծեց ողջ տիեզերքը, ով անսկիզբ է և արարեց ամբողջ աշխարհը, հավատում ենք Որդուն, որով, որպես Աստծո խոսք, ստեղծվեց աշխարհը, ով Աստված է, կատարյալ Աստված և հավատում ենք Սուրբ Հոգուն, որ բխում է Հորից և էակից է Որդուն, որը նույնպես Աստված է։ Եվ այս երեք անձերը միացած են անխառն և անշփոթ կերպով։
– Ի՞նչ պատմություններ կամ ավանդություններ կան, որոնք առնչվում են մեր եկեղեցու հավատամքի ձևավորման հետ։ Խնդրում եմ խոսել Գրիգոր Տաթևացի «Հավատամք»-ի մասին:
– Նիկիական հանգանակն ընդունում են բոլոր առաքելահաստատ եկեղեցիները՝ ուղղափառ եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին, իսկ Գրիգոր Տաթևացու հավատո հանգանակը կոնկրետ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն այն իմաստով, որ այստեղ հստակ շեշտադրվում է մեր, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների տարբերությունները։ Իսկ որո՞նք են այդ տարբերությունները։
Գրիգոր Տաթևացու հավատո հանգանակի մեջ հստակ անդրադարձ կա Քրիստոսի բնությունների հարցին, որովհետև այս հարցով ենք մենք տարբերվում կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ընդունում են Քաղկեդոնի ժողովի որոշումները, իսկ մենք՝ ոչ։ Եվ Տաթևացու հանգանակի մեջ հատկապես այս հանգամանքն է շեշտադրվում։ Նաև երբ ինչ-ինչ պատճառներով հայ մարդը կաթոլիկ կամ ուղղափառ եկեղեցում է մկրտվել և հետո ուզում է դառնալ Հայ առաքելական եկեղեցու անդամ, մենք նորից չենք մկրտում այդ մարդուն, անում ենք դավանափոխության կարգ, որտեղ ընթերցվում է Տաթևացու հանգանակը։
– Խաչակնքվելիս, երբ երեք մատը միացնում ենք իրար, մեր հավատամքի խորհուրդն ունի՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Կմեկնաբանե՞ք և ցույց կտա՞ք ճիշտ խաչակնքվելու ձևը։
– Մենք երեք մատը միացնում ենք իրար և խաչակնքվում ենք հանուն Հոր, և Որդվո, և Հոգվույն Սրբո։ Սա մեր ավանդույթն է և երեք մատը խորհրդանշում է Սուրբ Երրոդությունը՝ բութը, ցուցամատը և միջնեմատը միասնական, իսկ մյուս երկու մատը՝ ծալած, խորհրդանշում է Քրիստոսի մարդկային և աստվածային բնությունները, որոնք մեկ են և միացած են անխառն ու անշփոթ։