Խաչվերացը տարվա հինգ տաղավար տոներից վերջինն է, շարժական է և հանդիպում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի Խաչվերացը կամ ինչպես ընդունված է ասել Սըրբխեչը տոնում է սեպտեմբերի 14-ին։
Խաչվերացը Խաչին նվիրված ամենակարևոր տոնն է, խորհրդանշում է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակը: Խաչվերաց՝ նշանակում է խաչը վեր բարձրացնել: Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Եկեղեցում խաչը զարդարվում է գույնզգույն ծաղիկներով և ռեհանով։ Նախորդ օրը երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա:
Ս. Խաչը, ինչպես Գրիգոր Տաթևացին է բնորոշել, դարձել է երկինքն ու երկիրը միավորող կամուրջը, «դրախտի դռները բացողը և երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։ Խաչը դարձավ Քրիստոսի մահվան գործիք, սակայն հաստատեց Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ։ Այն քրիստոնյայի համար դարձավ օրինակ սիրո և զոհաբերության։
Պատմությունն ավանդում է, որ 614թ-ին պարսից Խոսրով Բ Փարվեզ (590-628թթ.) թագավորը հարձակվեց Երուսաղեմ քաղաքի վրա և գրավեց այն: Պարսից զորքն ավերակների վերածեց քաղաքը, ժողովրդի մի մասին սրի քաշեց, մի մասին էլ գերի տարավ: Պարսից զինվորները թալանեցին նաև Ս. Հարություն տաճարը՝ իրենց հետ տանելով այն Խաչը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոսը:
Հունաց Հերակլ կայսրը, որը աստվածապաշտ էր ու քրիստոսասեր, չհանդուրժեց Խաչափայտի գերեվարումը: Ս. Խաչը վերադարձնելու համար նա սրբազան պատերազմ սկսեց Խոսրով արքայի դեմ: Հերակլի զորքում կռվում էր նաև հայկական զորագունդը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Աստված տեսիլքով հայտնվեց կայսրին ու ասաց. «Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»: Այդպես էլ եղավ. Հերակլը հաղթեց և ազատագրեց Տերունական Խաչը: Հաղթական զորքը, ժողովրդի մեծ բազմության հետ միասին, ցնծությամբ և փառաբանությամբ Պարսկաստանից, Հայաստանի միջով անցնելով՝ Խաչը բերեց Երուսաղեմ և կրկին զետեղեց Ս. Հարություն տաճարում:
Ըստ ավանդության՝ Կարնո լեռների ստորոտներից մեկի մոտ պարսիկները փորձում են ետ վերցնել խաչը: Հայերը հետ են մղում պարսկական կողմի հարձակումները և տեսնում են, որ այն տեղից, որտեղ թաքցրել էին խաչափայտը, վճիտ ու սառնորակ աղբյուր է բխում: Նույն տեղում կառուցվում է Խաչկա կամ Խաչավանքի եկեղեցին, որը հետագայում ուխտատեղի է դառնում:
«Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերին հայր է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»: (Ս. Հովհան Ոսկեբերանն)