Արա Զոհրաբյանը մանրամասնում է գործադուլին չմասնակցելու իր պատճառները

Ես չեմ մասնակցելու 2013թ. հունիսին ծրագրված բողոքի ակցիային: Իմ չմասնակցելը պայմանավորված է ոչ թե վճռաբեկ դատարանի գործունեության նկատմամբ վերաբերմունքով, այլև փաստաբանական հանձնախմբի մեծամասնության դիրքորոշմամբ: 2012թ. հունիսին փաստաբանների պալատի ակումբի նիստում ներկա փաստաբաններն ընտրեցին բողոքի ակցիա կազմակերպող 5 փաստաբանների՝ Լուսինե Սահակյան, Կարեն Մեժլումյան, Գևորգ Գյոզալյան, Հայկ Ալումյան և Արա Զոհրաբյան: Հանձնախումբը կազմակերպեց բողոքի ակցիա, որին մասնակցեցին շուրջ 600 փաստաբաններ: Փաստաբանների բողոքի ակցիան և ակցիային հաջորդած տարբեր լրատվամիջոցների հարթակներում քննարկումներն ի վերջո լսելի դարձրեցին փաստաբանների ձայնը: 28.09.2012թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների (այդ թվում՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի) մասնակցությամբ հրավիրեց խորհրդակցություն, ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ դրեց դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:

Հանձնախումբը վերջերս նույնպես քննարկումներ ունեցավ և (4 կողմ և 1 դեմ ձայներով) որոշեց, որ դեռ վաղ է նման բողոքի ակցիա կազմակերպելը: Դա չի նշանակում, որ խնդիրը լուծվել է: Հանձնախմբի անդամների մեծամասնությունը քաջ գիտակցում են, որ այս պայմաններում (ժամանակի և պայմանների դասավորվածության) հնարավոր է արժեզրկենք մեր բողոքի ակցիաները:

Փորձեմ հիմնավորել. Իմ կարծիքով վճռաբեկ դատարանում բողոքները քննության չընդունելու խնդիրը մեծ հաշվով իրավակիրառական է:

Ինչու եմ նշում մեծ հաշվով, քանի որ, եթե վճռաբեկ դատարանը բոլոր գործերը վարույթ ընդունի և ըստ էության լուծում տա, ապա մենք կունենանք 2006թ-ից առաջ գոյություն ունեցող ոչ որակյալ որոշումները, որոնք կրկնելով վերաքննիչ դատարանի փաստարկները ուղղակի նշում էին, որ նման պայմաններում հիմնավոր է բողոքի փաստարկները կամ անհիմն: Եթե ուսումնասիրենք վիճակագրական տվյալները, ապա կտեսնենք, որ 2012թ. քաղաքացիական և վարչական գործերով բերվել է 2928 վճռաբեկ բողոք (ընդ որում այս ցուցանիշը յուրաքանչյուր տարի աճելու միտում ունի): Եթե այս գործերը բաժանենք աշխատանքային օրերի վրա (մոտ 250 օր), ապա կստացվի, որ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը պետք է յուրաքանչյուր օր քննի և որոշում կայացնի առնվազն 11 գործով: Այս պայմաններում, դատական համակարգից չենք կարող որակ պահանջել:

Այս վերլուծությունը սակայն չի նշանակում, որ պետք է վճռաբեկ դատարանը անկանխատեսելի դատարան մնա հանրության առջև: Միգուցե ավելի լավ է, որ քեզ մերժեն, թեկուզ անհիմն, քան թե ասեն, որ քո բողոքը չեն քննելու (այն էլ առանց բացատրության):

2012թ. հունիսի բողոքի ակցիայից հետո, դատական և գործադիր իշխանության ներկայացուցիչները պնդեցին այն դիրքորոշումը, որ խնդիրը օրենսդրական է և այն կփորձեն լուծել: Իմ կարծիքով, մեզ՝ փաստաբաններիս, հարկավոր էր լուծում, և կապ չունի, թե լուծումը կտային օրենսդրական ճանապարհով, թե՝ քաղաքական կամքի դրևորման:

Հիմա ինչ ունենք այսօր: Օրենքների նախագծեր, որոնք ճիշտ է չեն փարատում մեր կասկածները, բայց շրջանառության մեջ են դրվել: Մենք ունենք հնարավորություն, այդ օրենքների նախագծերի վերաբերյալ մեր առաջարկությունները ներկայացնել գործադիր և օրենսդիր իշխանություններին: Իմ կարծիքով, առանց այդ հնարավորություններն օգտագործելու նիստերին չմասնակցելու ծայրահեղ բողոքի ակցիան արդյունավետ միջոց չի ծառայի: Ես հարգում եմ փաստաբանական հանձնախմբի մեծամասնության կարծիքը:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիան նախաձեռնած մեր գործընկերներին, ապա ես հարգում եմ նրանց կարծիքը և բողոքի ձայնն արտահայտելու իրենց որոշումը: Մենք փաստաբաններս տարբերվում ենք մյուսներից հենց մեր անկախությամբ: Նույնիսկ մեկ փաստաբան կարող է իր բողոքի ակցիան կազմակերպել, ոնց որ նպատակահարմար կգտնի: Նույնիսկ մեկ փաստաբան իր ճիշտ գործելակերպով կարող է մեծ օգուտ բերել հասարակությանը:

Բողոքի ակցիայի անցկացման ժամանակի, պայմանների և հետևանքների արդյունավետության պատկերացումների տարբերությամբ պայմանավորված հանձնախմբի անդամների մեծ մասը, ինչպես նաև մեր մյուս գործընկերները չեն միանում այս բողոքի ակցիային, սակայն մենք մեր գործը շարունակում ենք ու փորձելու ենք տարբեր միջոցներով հասնել դատական համակարգի կանխատեսելիությանը:

Ես կարծում եմ, որ խնդիրը կարելի է լուծել նաև հետևյալ կերպ.

Նախ նշեմ, որ չեմ կիսում այն կարծիքը, թե վճռաբեկ դատարանը լիարժեք դատարան չէ, քանի որ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածը սահմանում է, որ՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ: Հետևաբար, եթե օրենքը վերաքննիչ դատարանի որոշումը դատական սխալի հիմքով բողոքարկելու իրավունք է նախատեսել, ապա յուրաքանչյուրն էլ կունենա այդ ցանկությունը բողոքարկել վճռաբեկ դատարան, թեկուզև հետագայում եվրոպական դատարան բողոքարկելու տեսանկյունից:

Կարելի է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի ներկայումս գործող 10 դատավորների թիվը համալրել ևս 3-ով և պալատի ներսում կազմավորել բաժանմունքներ՝ կազմված 4 դատավորներից (կստացվի 3 բաժանմունք, 1 դատավոր էլ կլինի պալատի նախագահը): Այնուհետև առաջարկվում է, սահմանել, որ բոլոր գործերով վճռաբեկ բողոքները պետք է վարույթ ընդունվեն պարզեցված կարգով և, ըստ էության որոշում կայացնելու իրավունք կունենան բաժանմունքները: Այն գործը, որով պետք է օրենքի միատեսակ կիրառության հարց բարձրացվի, կքննվի պալատի ամբողջ կազմով: Օրենքի միատեսակ կիրառության հարցով բաժանմունքից գործը պալատին հանձնելու մասին որոշումը կայացնում է պալատի բաժանմունքը: Սա առաջարկներից մեկն է, եթե մենք ցանկանում ենք ունենալ լիարժեք գործով վճռաբեկ դատարան:

 

Արա Զոհրաբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել