Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:
Դատավոր Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն ներկայացրեց, որոնցից առաջինը վերաբերում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Նա նշեց, որ հայտնի չէ, թե ինչու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակել հունիսի 20-ին։
«Այդ հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ, բայց բոլոր դիմումներում այդ հարցը բարձրացված է։ Միջնորդում են նախագահին որպես վկա հրավիրել։ Նախագահը ուներ հայեցողություն վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները նշանակել ոչ ուշ, ոչ շուտ 30 և 45 օրվա ընթացքում»,-նշեց Թովմասյանը։
Նա նշեց, որ ուզում է ՀՀ նախագահից ճշտել, որ օրվա նշանակման հետ կապված իր վրա որևէ ճնշում չի եղել։
2-րդ միջնորդությունը վերաբերում էր Մարդու իրավունքների պաշտպանին։
«Միջնորդում եմ ՄԻՊ-ից պահանջել ներկայացնել 2021 թվականի ընտրական գործընթացների խախտումների առնչությամբ տեղեկատվություն, այդ թվում՝ եթե կա զեկույց, հաղորդումներ կամ այլ նյութեր։ Եթե սահմանված ժամկետում այդ տեղեկատվությունը ներկայացնելը անհնարին լինի, ապա կմիջնորդեմ ՄԻՊ-ին որպես վկա ներգրավել սույն գործով»,-ասաց դատավորը։
3-րդ միջնորդությունը վերաբերում էր Դատական դեպարտամենտից տեղեկատվություն պահանջելուն։ Հրայր Թովմասյանը առաջարկեց ԴԴ-ից պահանջել տեղեկատվություն, թե ինչպես են դատարանները մեկնաբանել և կիրառել «բռնություն գործադրելու հրապարակային կոչեր» և «բռնությունը հրապարակայնորեն քարոզել» բառակապակցությունները։
Միջնորդությունների վերաբերյալ դատավոր Արևիկ Պետրոսյանը նշեց, որ առաջին 2 միջնորդությունների վերաբերյալ իր դիրքորոշումը դրական է։
Երվանդ Խունդկարյանը նշեց, որ կողմ է 2-րդ միջնորդությանը, սակայն դեմ է առաջին միջնորդությանը։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը առաջարկեց միջնորդությունները քննել 18։00-ից հետո, դատաքննությունից հետո։
Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ եթե միջնորդությունները չքննարկվեն, ապա ինքը չի մասնակցի հարցի հետագա քննարկմանը, քանի որ դա օրենքի խախտում է։