Գոմեշի մսի գործով մեղադրյալի խափանման միջոցը փոխվել է. քրգործի նախաքննությունն ավարտվում է

ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործով 07.05.13թ. որոշում է կայացվել ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ խափանման միջոցը փոփոխելու մասին որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Ա.Օհանջանյանը տառապում է «շաքարային դիաբետ, արյան շրջանառության սուր անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա» հիվանդություններով, գտնվելով կալանքի տակ երկու անգամ սրտի կաթված է տարել և նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստացիոնար բուժում է ստացել:

Բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է «Ձախ փորոքի առաջային պատի սրտամկանի ստորին սուր ինֆարկտ: Վաղ հետինֆարկտային ստենոկարդիա: Արյան շրջանառության սուր կանգային անբավարարություն: Զարկերակային հիպերտենզիա: Վիճակ կորոնար անոթի ստենդավորումից հետո»: Այնուհետև Ա.Օհանջանյանը տեղափոխվել է

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ սակայն հնարավոր չի եղել ապահովել նեղ մասնագիտական բուժում, առկա չեն նաև նման հիվանդությամբ տառապող անձանց պարբերական հետազոտման և հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումները:

Մեղադրյալ Ա.Օհանջանյանի կողմից միջոցներ են իրականացվել իր իսկ կողմից պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ: Բացի այդ մեղադրյալի հետ կապված բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններն այս պահին ավարտվել են և ազատության մեջ մնալով մեղադրյալ Ա.Օհանջանյանը չի խոչնդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով:

Վերջին նկատառումներից ելնելով փոփոխվել են նաև մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները:

Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել