Ձեռքսեղմում: Ո՞վ պետք է առաջինը մեկնի ձեռքը

Ձեռքսեղմումը ողջույնի ամենատարածված ձևերից է, ուստի նրա կանոններին առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել: Ձեռքը սեղմելիս չպետք է մեծ ուժ գործադրել, այն երկար թափահարել կամ ձեր ձեռքը փախցնել դիմացինի ձեռքից: Կարճատև, ջերմ ձեռքսեղմումը ամենահարմար տարբերակն է:

Ո՞վ պետք է առաջինը մեկնի ձեռքը: Ընդունված է, որ բարևելիս կամ ծանոթանալիս առաջինը ձեռքը մեկնում է՝

տարեց կինը՝ երիտասարդ կնոջը.
կինը՝ տղամարդուն.
ավագը՝ կրտսերին.
ուսուցիչը՝ աշակերտին (դասախոսը՝ ուսանողին).
ղեկավարը՝ ենթակային (աշխատանքային ժամերին):

Եթե հանդիպում են երկու ծանոթ զույգեր, ապա ամենից առաջ միմյանց ձեռք են սեղմում կանայք, հետո կանանց ողջունում են տղամարդիկ, իսկ վերջում տղամարդիկ ողջունում են միմյանց: Սակայն ողջույնի այս ավանդական ձևը խստորեն պահպանվում է միայն այն դեպքում, երբ կանայք կանգնած են տղամարդկանց աջ կողմում: Եթե կանանցից որևէ մեկը, կանգնած է տղամարդու ձախ կողմում, այդ դեպքում և՛ կանայք, և՛ տղամարդիկ կարող են միմյանց ողջունել միաժամանակ (առանց իրար խանգարելու):

Ձեռքսեղմումի համար մեկնած ձեռքը չընդունելը վիրավորանք է: Եթե ինչ-որ պատճառով հնարավոր չէ ձեռքը պարզել, հարկավոր է այդ մասին ասել և քաղաքավարությամբ ներողություն խնդրել: Ինքնին հասկանալի է, որ համաճարակների ժամանակ միմյանց ձեռք չեն սեղմում:

Հարգանքի նշան է, երբ բարևելիս ձեռնոցը հանում են: Երբ ձեռնոցով տղամարդը ձեռք է մեկնում ձեռնոցով այլ տղամարդու, կարող է ձեռնոցը չհանել: Ձեռնոցով կնոջ ձեռքը սեղմելիս նույնպես, տղամարդը կարող է չհանել ձեռնոցը, սակայն եթե ողջունում է առանց ձեռնոցի կնոջ, անպայման պետք է հանի այն: Ձեռքով բարևելիս կինը կարող է ձեռնոցը չհանել, սակայն երիտասարդ աղջիկը ձեռնոցով ձեռքը չպետք է մեկնի իրենից տարեց մարդու: Երիտասարդ կինը նույնպես պետք է ձեռնոցը հանի, երբ բարևում է տարեց կնոջ կամ տղամարդու: Կնոջ ձեռնոցով ձեռքը սովորաբար չեն համբուրում:

Եթե տղամարդը սեղմում է խմբում կանգնած տղամարդկանցից որևէ մեկի ձեռքը, պետք է սեղմի նաև մյուսներինը: Քաղաքավարությունը պահանջում է բոլորին ողջունել միևնույն ձևով: Ձեռքը սեղմելիս հարկավոր է թեթևակի խոնարհվել՝ ցույց տալով անկեղծությունն ու հարգանքը դիմացինի հանդեպ:

Կնոջը պարի հրավիրելիս տղամարդը պետք է խոնարհվի և նոր միայն պարզի իր ձեռքը:
Ձեռքսեղմումից բացի գոյություն ունեն ողջույնի բազմաթիվ ձևեր: Ողջույնի շատ հարգի ձև է «այտը այտին հպելը» (մտերիմների համար): Ողջույնի այս ձևն այժմ ընդունված է Եվրոպայում:

Հարավամերիկյան երկրներում և Իսպանիայում ընդունված է ողջունելիս գրկախառնվելը կամ ուսին թփթփացնելը:

Գրեթե բոլոր երկրներում մեծ տարածում ունի նաև ողջունելիս կնոջ ձեռքը համբուրելը: Հին ժամանակներում համբուրում էին միայն ամուսնացած կամ տարեց կնոջ ձեռքը: Այդ արարողությունը խիստ կանոնակարգված էր. տղամարդը խոնարհվում էր կնոջ ձեռքի վրա և որոշ ժամանակ մնում այդպես՝ շուրթերը պահելով կնոջ ձեռքից որոշակի հեռավորության վրա: Ձեռքը փողոցում համբուրել չէր թույլատրվում:

Եթե տղամարդը ողջունելիս համբուրում է սենյակում ներկա կանանցից մեկի ձեռքը, նույնությամբ պետք է համբուրի նաև մյուսներինը: Հարգի չէ կնոջ ձեռքը համբուրել լողափում:

Ծանոթանալիս, ողջունելիս կամ ներկայանալիս չպետք է ձեռքերը գրպանում պահել: Դա անքաղաքավարության նշան է:

Անկրթություն է դիմացինին ողջունել ծխախոտը բերանում կամ ծամոն ծամելիս: Չի կարելի մեջքով կամ թեքված կանգնել ձեզ ողջունող մարդուն, ողջունելիս հարկ է կանգնել դեմ-դիմաց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել