Ալիևը սպառնալիքներ է հնչեցրել․ «Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում՝ պետք է սահմանազատման շուրջ բանակցություններ սկսեն մեզ հետ, եթե նրանք դա չանեն՝ կզղջան դրա համար»

Եթե Հայաստանւը խաղաղություն է ուզում, ապա պետք է պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ վարի Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը տասը երկրի նորանշանակ դեսպանների ընդունելության ժամանակ։

«Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, մեզ նույնպես պետք է խաղաղության համաձայնագիր: Եթե Հայաստանը պատերազմ ցանկանա, կստանա նույն արդյունքը, ինչ նախորդ տարվա աշնանը: Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա նրանք պետք է սահմանազատման շուրջ բանակցություններ սկսեն մեզ հետ: Եթե նրանք դա չանեն, կզղջան դրա համար»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ Հայաստանը «մերժում է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը»:

«Ցավոք, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին մեր բաց հայտարարություններին Հայաստանի կառավարությունը չի արձագանքում: Հայաստանի կառավարությունը նաև անտեսում է մեր առաջարկը, որին աջակցում են միջազգային խոշոր կողմերը՝ բանակցություններ սկսել Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման շուրջ: Մենք դա չենք հասկանում»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, թե Բաքուն պատրաստ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Ինչպես հայտնում է ռուսական TASS-ը, Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը մոտեցել է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ականազերծման քարտեզների խնդրի լուծմանը․ «Հուսով եմ` շուտով լավ լուրեր կլինեն: Բայց մինչև արդյունքներ չլինեն՝ չեմ ցանկանում ոչինչ ասել»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել