Որոշել են, որ ինձ մեղադրանք առաջադրեն, որպեսզի խաթարեն իմ գործունեությունը, որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ. Արմեն Գևորգյան

«Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, թե ինչու են իրեն կանչել ՀՔԾ:

«Դեռևս անցած տարի՝ ապրիլի 16-ին, Հատուկ քննչական ծառայությունը գործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի կապակցությամբ, որտեղ ինչ-որ հանգամանքներ են նկարագրվում: Մասնավորապես՝ իմ հարազատների, բարեկամների մի շարք գույքեր պատկանում են ինձ և ես այդ ամեն ինչը լվացել եմ, եթե ճիշտ եմ հասկանում: Այն ժամանակ մեղադրանք չի առաջադրվել, որովհետև կարծում եմ հասկացել են, որ դա աբսուրդի ժանրից է: Այդ գույքերի վրա նաև կալանք են դրել: Մենք պարզ է, որ փորձել ենք մեր իրավունքները պաշտպանել և դիմել ենք դատական ատյաններին»,-նշեց Արմեն Գևորգյանը:

Նրա խոսքով՝ բոլոր դատական ատյաններում քննիչի համապատասխան որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել է:

«Որոշել են, որ ինձ մեղադրանք առաջադրեն, որպեսզի այդ գույքերի վրա կալանք դնելը հիմնավորված լինի ենթադրում եմ, և ինչ-որ խափանման միջոց ընտրեն, որպեսզի խաթարեն իմ գործունեությունը, որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ»,-ասաց նա:

Արմեն Գևորգյանը նշեց, որ հրաժարվել է որևէ գործ ունենալ ՀՔԾ-ի հետ, քանի որ համարում է, որ այդ կառույցը միայն քաղաքական պատվերներ է կատարում:

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ Արմեն Գևորգյանը ՀՔԾ է կանչվել ՔՕ 190-րդ հոդվածով, որը վերաբերում է փողերի լվացմանը: Նա նաև նշեց, որ ներկա պահին գույքը կալանքի տակ չէ:

«Պարոն Գևորգյանն այս պահին ունի մեղադրյալի կարգավիճակ, նա մեղադրանքը չի ընդունում»,-նշեց փաստաբանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել