ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահի կողմից արդեն իսկ տրվել են համապատասխան կարգադրություններ․ ԱԳՆ

Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ի շարունակումն ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղարկված նամակների՝ Արա Այվազյանն ընդգծեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու անհրաժեշտությունը:

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Սիրոջիդին Մուխրիդդինը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին տեղեկացրեց, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն իսկ տրվել են համապատասխան կարգադրություններ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել