Գյումրիում ապրիլի 23-ին Հարություն Խաչատրյանի և Արտյոմ Կարապետյանի դեմ ուղղված կրակոցները հետապնդել են դիտավորյալ սպանության նպատակ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
«Որպես մարզի դատախազ՝ վստահեցնում եմ, որ այն անձինք, ովքեր որևէ կերպ ուղղակի կամ անուղղակի առնչություն են ունեցել տվյալ հանցագրոծության հետ ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,-ասել է Կարեն Շահբազյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանը ձերբակալված է:
Դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են վկաներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուրը՝ Իրավաբան.net