Քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց․
«Այս ամբիոնից մեկ անգամ չէ, որ ասել եմ, և կսկսեմ դրանից՝ երանի այն ժողովրդին, ում առաջնորդը կդառնա նաև լավ ղեկավար։ Նիկոլի մասին ընդհամենը մեկ նախադասություն կասեմ․ հիմա բոլորը գտել են մի հարմար դավաճան և բոլոր մեղքերը փորձում են փաթաթել նրա վրա։ Ասում են՝ խաբել է մեզ։ Խաբողը սրիկա է, խաբվողը՝ հիմար։ Մենք պետք է ընտրենք, թե այդ երկուսից որ մի դասակարգման մեջ ենք։ Ինձ ոչ ոք չի խաբել»։
Անդրադառնալով քննարկման դրված փաստաթղթին՝ Հրանտ Խաչատրյանն ասաց․
«Մենք եկել ենք քննարկելու մի փաստաթուղթ՝ Ազգային ժողովի խմբակցության կողմից առաջարկված, որը, որպես փաստաթուղթ, առ ոչինչ է և ոչնչով չի տարբերվում երկրի գործադիր իշխանության ղեկավարի ստորագրած փաստաթղթից։ Ինչու՞, որովհետև այս առաջարկությունների առաջին կետում չի գրված, որ Հայաստանի Գերագույն խորհուդը, հանձին հայ ժողովրդի, մերժում է միջազգային նորմերին հակասող այդ բովանդակությունն ամբողջությամբ։ Հիմա ի՞նչ, ասեմ դեմ եմ ու գնա՞մ էստեղից։ Ասեմ կես ճշմարտությունը ու իմ խղճի հանգստությամբ գնամ տունը հանգիստ նստեմ, թե ինչպես են շարունակում ավիրե՞լ երկիրը, ո՛չ»։
Դիմելով Ազգային ժողովում հավաքվածներին՝ նա ասաց․
«Այստեղ հավաքվել է մեր ազգային վերնախավի մի մասը։ Ի՞նչ պետք է ասենք։ Լսեցի ելույթները, նույն ոգով, ինչ որ փողոցում է, նույնը՝ այստեղ։ Հայաստանի համար նպաստավոր բանակցություններ։ Նոր ի՞նչ էիք ասում՝ նոր ղեկավար, նոր արդյունքներ, հա՞։ Քանի՞ անգամ եք լսել էս դահլիճից հայանպաստ արդյունքներ, ո՞րն է հայանպաստը, ո՞վ է ասել էստեղից՝ որն է հայանպաստը։ Ամեն ինչ արեցիք, կուսակցության գանձարանից ամսական կարևոր գումարներ էիք վճարում, որպեսզի այս ամբիոնից լսեք միայն ձեր ճշմարտությունը։ Հիմա եկել հասել եմ ամբիոն, ես ասելու եմ այն, ինչ մտածում եմ»։
Հրանտ Խաչատրյանն ասաց, որ երկու առաջարկ ունի։
«Մեկն արդեն ասացի։ Իշխանության եկող որևէ ուժ, իսկ դա լինելու է, լինելու է իշխանափոխություն, չի կարող ընդունել նույնպիսի մի խայտառակ փաստաթուղթ, որի բեռի տակ մենք հարյուր տարի ճռռում ենք ամբողջ ազգով։ Խոսքը Մոսկվայի պայմանագրի մասին է, Ղարսի պայմանագրի մասին է և դրա շարունակության մասին։ Ազգային ժողովը առաջին հերթին պետք է մերժի այդ փաստաթղթի բովանդակությունը, դա պատերազմի կբերի, թե չի բերի, ես դրան չեմ անդրադառնա։ Համենայն դեպս, Ազգային ժողովը պետք է քննարկի այդ հարցը բաց նիստում։ Ազգային ժողովի խմբակցությունները, արտախորհրդարանական կուսակցությունները պետք է դռնփակ նիստեր անցկացնեն, գնահատեն բոլոր ռիսկերը։ Ես ինքս պատերազմի օրերին ներխուժել եմ Ազգային ժողով, երկու խմբակցությունների առաջարկել եմ դռնփակ նիստեր, վարչապետին եմ առաջարկել դռնփակ նիստեր՝ մասնագետների մասնակցությամբ»,- նշեց նա։
Իսկ երկրորդ առաջարկի մասին Խաչատրյանն ասաց․
«Երկրորդը, խոսում եք Արցախի կարգավիճակի մասին։ 30 տարի առաջ հայ ժողովրդի ազգային շահերի նկատմամբ դավադրություն է տեղի ունեցել։ 30 տարի առաջ Հայաստանին վերամիավորված Արցախը անջատվել է, անկախացել է Հայաստանից։ Դա մի բան է նշանակում․ Հայաստանի իշխանությունները միջազգային իրավունքի վերմակը քաշել են իրենց վրա և դուրս են թողել Արցախին, և այդ մասին հազար անգամ ասել են և՛ Էրդողանը, և՛ Ալիևը։ Այդ մասին խոսվել է Ֆրանսիայի Սենատի նիստում։ Պատերազմը դավադիր պատերազմ էր։ Դավադիր էր սկզբից մինչև վերջ, դավադիր էր 30 տարի առաջ տեղի ունեցած դավադրության պատճառով։ Ասում էին՝ մի ասեք, թուրքը ծիծաղում է մեզ վրա, հիմա ամբողջ աշխարհն է ծիծաղում մեզ վրա, Ռուսաստանի ամբողջ վերլուծական կազմը։ Նրանք, այո, չասեմ՝ իրավունք ունեն, մենք ենք թույլ տվել, մենք հայակենտրոն չենք եղել։ Կարճ ասած, եթե ՀՀ Ազգային ժողովում վերանում են երևույթներից, չգիտեն պատմություն կամ գիտեն, վախենում են խոսել, չգիտեն քաղաքականություն՝ ներքին և արտաքին, չգիտեն աշխարհաքաղաքականություն, չգիտեն դավադրությունների տեսություն և այդ մասին խոսողներին անվանում են դավադրապաշտներ, ոչ մեկն իրավունք չունի այստեղ որևէ աթոռ զբաղեցնել։ Հայաստանի Ազգային ժողովը պարտավոր է քննարկել և որոշել Արցախի կարգավիճակը ինքնուրույն, առանց որևէ մեկին խնդրելու կամ դիմելու։ Ի՞նչ է նշանակում Արցախի անկախություն․ Արցախը Հայաստանի անբաժան մաս է։ Թ՞ե Նիկոլը դրանում էլ է ձեզ խաբել»,- եզրափակեց նա։