Մահվան իրավունք, թե՞ ապրելու պարտականություն

Կյանքի և մահվան իրավունքները հանդիսանում են երկու միմյանց հետ փոխկապակցված ասպեկտներ: Այս փոխկապակցվածությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք կախված են մեկը մյուսից, եթե համարենք, որ մահը իրենից ներկայացնում է կյանքի բացակայություն և հակառակը:

Պատմության տեսանկյունից կյանքը դիտվում է որպես «չսպանվելու» իրավունք, որի մեջ մտնում է նաև ծնվելու իրավունքը, հետևաբար այս կոնտեքստում քննարկելի է նաև աբորտը, որը մի կողմից կնոջ իրավունքն է` ազատվելու անցանկալի հղիությունից, իսկ մյուս կողմից դեռ չծնված երեխայի իրավունքը` ծնվելու և ապրելու:

Մահվան իրավունքը, բացի չապրելու իրավունքից, նախատեսում է նաև անձի համար հնարավորություն` ընտրելու իր մահվան տեղը, ժամը և պայմանները: Այստեղ խոսքը գնում է էվթանազիայի և սուիցիդի իրավունքի մասին:

Էվթանազիան մարդու կյանքին վերջ դնելուն ուղղված գործողություն է: Կարծիք կա, որ այն համարվում է մարդասպանությանը համարժեք արարք: Սակայն ի տարբերություն մարդասպանության, վերջինս իրականացվում է անձի (կամ եթե նա ի վիճակի չէ համաձայնություն տալ` նրա ազգականների) համաձայնությամբ:

Ֆրանսիացի հեղինակներից մեկի կարծիքով, էվթանազիան ոչ թե ընտրություն է կյանքի և մահվան միջև, այլ ընտրություն է մահվան եղանակների միջև:

Ընդհանրապես որևէ իրողության մասին խոսելիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն փաստի, այլև այն առաջացնող բոլոր պայմաններն ու հանգամանքների վրա:
Այսպես, որոնք են այն պատճառները, որոնք օրենսդիրը պետք է հաշվի առնի էվթանազիան օրինականացնելիս կամ քրեականացնելիս: Աշխարհի շատ երկրներում սահմանվում է պատասխանատվություն անձին էվթանազիայի ենթարկելու համար` հիմք ընդունելով այն փաստը, որ ոչ ոք այլ անձին կյանքից զրկելու իրավունք չունի: Չնայած, հիմնվելով մարդու իրավունքների դեկլարացիայից բխող այն փաստի վրա, որ յուրաքանչյուր ոք ունի արժանավայել կյանքի իրավունք, առաջանում է հարց. որքանո՞վ է արժանավայել անբուժելի և ծանր հիվանդությամբ տառապող անձանց կյանքը:
Այստեղ խոսքը գնում է շատ սուբյեկտիվ ընտրության մասին և դժվար է հասնել համընդհանուր մեկ կարծիքի:

Այժմ անդրադառնանք էվթանազիայի օրենսդրական կարգավորմանը և տեսնենք` արդյո՞ք այն թույլատրվում է Հայաստանում:

Այսպես.
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Էվթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով:
Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են Էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Էվթանազիան ոչ միայն օրենքի, այլև կրոնի տեսանկյունից է ոչ ընդունելի արարք, քանզի կյանքն անձին տրվում է ի վերուստ, և միայն Արարչին է տրված որոշելու յուրաքանչյուրիս կյանքի և մահվան օրը, ժամն ու եղանակը:

Պետք է նշել, սակայն, որ ներկայումս մարդը հաճախ է խառնվում Աստծո գործերին և փորձում է ստանձնել իրավունքեր և պարտականություններ, որոնք ի սկզբանե իրենը չեն եղել:

Վերադառնալով էվթանազիայի` որպես երևույթի օրենսդրական կարգավորմանը, նշենք, որ Հոլանդիան առաջին երկրներից էր, որ օրինականացրեց և թույլատրելի դարձրեց հիվանդի խնդրանքով վերջինիս մահվան արագացումը (էվթանազիան): Այսպես. Հոլանդիայի Բարձրագույն դատարանը 1984թ. էվթանազիան թույլատրող որոշում ընդունեց:

2002թվականից էվթանազիան թույլատրելի է դարձել նաև Բելգիայում: Անմիջապես մեկ տարի անց էվթանազիան օգնեց 200 մահացու հիվանդ անձանց հրաժեշտ տալ կյանքին:

Էվթանազիան արգելված է նաև Ռուսաստանի Դաշնությունում. ՌԴ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում էվթանազիայի համար, մասնավորապես` այն որակվում է որպես սպանություն:

Հայաստանում, ինչպես արդեն նշվեց, ևս արգելված է էվթանազիան. … այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են Էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այստեղ իրավաչափորեն հարց է առաջանում. արդյոք մեր օրենսդրությունը նման կարգ սահմանում է, թե ոչ:

Պատասխանելով հարցին` նշենք, որ օրենքը արգելում է էվթանազիան, սակայն չի սահմանում, թե ինչ պատասխանատվություն է նախատեսված դրա համար:

Ենթադրվում է, որ անձը նման արարքի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, սակայն ՀՀ քրեական օրենսգիրքը նման հանցակազմ չի պարունակում:
Եթե էվթանազիան որակենք որպես սպանություն և նման արարք կատարած անձին ենթարկենք պատասխանատվության սպանության համար, կստացվի, որ մենք կիրառում ենք անալոգիա, մինչդեռ հայտնի է, որ քրեական իրավունքում անալոգիան արգելված է:
Ավելին, տուժողի խնդրանքով վերջինիս մահ պատճառելը չի կարող հավասարեցվել սպանության հետ, քանզի մի դեպքում անձն իր կամքից անկախ զրկվում է կյանքից, իսկ մյուս դեպքում ինքն է խնդրում իրեն մահ պատճառել:

Չանդրադառնալով էվթանազիայի` որպես երևույթի ճիշտ կամ սխալ լինելուն, կարծում ենք, որ եթե մեր օրենսդրությամբ այն արգելվում է, ապա օրենքով պետք է հստակ կարգավորել, թե ինչ պատասխանատվություն պետք է կրի այն անձը, ով հիվանդի խնդրանքով վերջինիս մահ կպատճառի, հակառակ դեպքում ստացվում է, որ կա օրենք, որը հայտնի չէ, թե ինչպես պետք է գործի:

Հռիփսիմե Ասատրյան

Գոհար Կոստանյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել