Նոյեմբերի 5-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։
Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից:
Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ ելույթով՝ ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին տեղեկացնելով հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, մասնավորապես Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և ռազմական հանցագործությունների վերաբերյալ։
Դեսպան Պապիկյանն իր ելույթում նշեց․
1․ Արցախի և նրա ժողովրդի դեմ Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որին ուղակի ներգրավված են օտարերկրյա զինյալ ահաբեկիչները և ջիհադիստները, ուղեկցվում է բազմաթիվ ռազմական հանցագործություններով՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ռմբակոծություն, կասետային և սպիտակ ֆոսֆոր պարունակող սպառազինությունների կիրառում, քաղաքացիական և ռազմագերիների հանդեպ բռնություն և դաժան սպանություններ, գլխատումներ և դիախեղումներ։
Ադրբեջանի այդ հարձակումները բացահայտ վկայում են, որ այդ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարությունը մտադիր է առավելագույն վնաս հասցնել Արցախի խաղաղ բնակչությանը, հատկապես կանանց և երեխաներին, յուրաքանչյուր հերթական հարձակումից հետո անամոթաբար խոսելով “խաղաղ համատեղ ապրելու հեռանկարի” մասին։
Դեսպան Պապիկյանն առանձնահատուկ անդրադարձավ Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման փաստին, նշելով որ միջազգային իրավունքի համաձայն դրա կիրառումը քաղաքացիական բնակավայրերում համարվում է ռազմական հանցագործություն։ Այս առումով նշվեց նաև, որ Հայաստանն արդեն դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) հետաքննություն անցկացնելու խնդրանքով։ Նշվեց նաև, որ այդ զինատեսակը բացասական ազդեցություն ունի նաև բնապահպանության համար, ինչի վկայությունն է արդեն երեք օրից ավել այրվող անտառները։
2․ Ադրբեջանի գործողությունները շարունակությունն են տասնամյակներ շարունակ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից որդեգրած հայատյացության, ատելության և այլատացության քարոզչության։ Հայի որպես գլխավոր թշնամու կերպարը հարմար գործիք էր, որն Ադրբեջանի ղեկավարն օգտագործում էր իր բռնապետական ռեժիմը պահպանելու նպատակով։
Ադրբեջանական սոցիալական հարթակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայերի հանդեպ ատելության խոսքը և այլատյացությունը աննախադեպ աստիճանի է հասել և արտահայտվում է ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլ նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, մշակութային և գիտական գործիչների, սպորտի ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Այս առումով նշվեց “Քարաբաք” ֆուտբոլի ակումբի լրատվության հետ կապերի պատասխանատուի օրինակը, որին Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիան զրկել է ֆուտբոլի ետ կապված որևէ գործունեություն իրականացնելուց։
3․ Թուրքիայի անմիջական ռազմա-քաղաքական ներգրավվածությունը և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների մասնակցությունը ռազմական գործողություններին, ինչպես նաև բռնության շարունակության հնարավոր ավելի լայն աշխարհա-ռազմավարական հետևանքները տարածաշրջանի և դրանից դուրս՝ սրանք են այն նոր տարրերն ու գործոնները, որոնք առանձնացնում են ներկայիս ագրեսիան։
4․ Թուրքիայի համար, որն այս ագրեսիայի իրական կազմակերպիչն ու սադրողն է, այս պատերազմը Հարավային Կովկասում իր քաղաքական և ռազմական ներկայությունն ամրապնդելու և իր ազդեցությունը տարածելու մասին է։ Թուրքիայի իշխանությունները, պահն օգտագործելով, “մեկ ազգ, երկու պետություն” գաղափարի շղարշի ներքո ակտիվորեն ներգրավված են հակամարտությունում՝ ապահովելու համար Թուրքիայի ներկայությունը բանակցությունների սեղանի շուրջ և ապագա աշխարհա-քաղաքական շահերը։
Հետևաբար Թուրքիան, որը ռազմական գործողություններում ուղղակի իր ներգրավմամբ ավելի շատ հակամարտության կողմ է, չի կարող և չպետք է որևէ դերակատարում ունենալ կարգավորման գործընթացում։
5․ Հայկական կողմը բազմիցս է խոսել հակամարտությունում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների մասնակցության մասին։ Օրերս Արցախի Պաշտպանության բանակը գերևարել է երկու ահաբեկչի, որոնք մանրամասն ներկայացրել են Թուրքիայի կողմից իրենց վարձելու և Արցախի դեմ պատերազմական գոտի տեղափոխելու մասին։
Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, իր ներդրումն է ունեցել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերում։ Հայկական կողմը նախազգուշացնում էր որ միջազգային ահաբեկչության ներթափանցումը Հարավային Կովկաս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Հետևաբար, ակնհայտ է, որ ահաբեկչության վերացմանն ուղղված ջանքերը պետք է ավելացվեն՝ հատուկ ուշադրությունն դարձնելով ահաբեկչական և ջիհադիստական խմբերի ֆինանսավորումը դադարեցնելու և դրանց աջակիցներին կանգնեցնելու խնդրին։ Այս համատեքստում նշվեց, որ Թուրքիան, ահաբեկիչներին և ջիհադիստներին վարձելով, աջակցում է ահաբեկչությանը։
6․ Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ մի երկիր, որն օգտվում է ահաբեկիչների ծառայությունից և որին աջակցում է մեկ այլ երկիր, որն իր հերթին ֆինանսավորում և աջակցում է ահաբեկիչներին և ջիհադիստներին, չեն կարող որևէ պահանջ ներկայացնել Արցախի և նրա ժողովրդի հանդեպ, որը պայքարում է այսօր իր անքակտելի իրավունքների համար։
Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրացման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի միջազգային ճանաչումը միայն կարող է ապահովել քաղաքական և իրավական միջավայրը՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և նրա անքակտելի իրավունքները պաշտպանելու համար։ Դեսպանը կոչ արեց ԵԱՀԿ մասնակից երկրներին դիտարկել այս խնդիրը՝ պատերազմի բոլոր աղետալի հետևանքների համատեքստում։