Սկզբունքորեն դեմ չեմ 2 բարձրագույն դատական ատյանների միավորմանը․ Էդգար Շաթիրյան

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ Կառավարությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Շաթիրյանը նշեց, որ Սահմանադրական դատարանում պետք է կատարվեն ֆունդամենտալ փոփոխություններ։

Շաթիրյանն ընդգծեց՝ թե՛ Սահմանադրական դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանը փոքրիշատե կայացած կառույցներ են, բայց ունեն որոշակի հիմնախնդիրներ:

«Այս խնդիրների լուծմանը կգնանք հատվածակա ՞ ն, թե ՞ փուլային տարբերակով, մասնավորապես նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ: Մենք արդեն իսկ այս հարցի առնչությամբ համապատասխան նախադեպեր ունենք: Նկատի ունեմ 2005թ.-ի և առավելապես 2015 թ.-ի սահմանադրական փոփոխությունները: Թե, այնուամենայնիվ, պետությունը նպատակահարմար կհամարի գնալ առավել արմատական լուծումների ճանապարով, կարծում եմ, դեռևս պետք է լրացուցիչ նաև մասնագիտական քննարկումներ ծավալվեն»:

Էդգար Շաթիրյանն ասաց, որ լսել է  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ այս գաղափարին թե՛ կողմ թե՛ դեմ արտահայտվողների դիրքորոշումները․ «Իմ դիրքորոշումը հարցի առնչությամբ հետևյալն է. ընդհանուր գծերով դեմ չեմ»։

Շաթիրյանը նաև Գերագույն դատարանի վերաբերյալ որոշակի հարցադրումներ առաջ քաշեց:

«Եթե, այնուամենայնիվ, գնում ենք դասական ամերիկյան գերագույն դատարանի ձևավորման, կամ եթե անգամ գնում ենք հիբրիդ մոդելի ձևավորման ուղղով, հասկանալի է և գաղտնիք չէ, որ հատկապես 2015 թ.-ի  սահմանադրական փոփոխությունների արդյունքներով սահմանադրական և դրանցից բխող մի շարք իրավակարգավորումներ փոխառնված են գերմանական իրավունքից, և այս ասպեկտով հետևյալ հարցադրումն է առաջ գալիս. արդյոք հնարավո՞ր է առնվազն սահմանադրական մակարդակում  ամերիկյան և գերմանական ինստիտուտներից կամ իրավունքից փոխառնված ներդաշնակ գործունեությունը, թե այնուամենայնիվ, հարցին պետք է դրսևորվի առավել համակարգային մոտեցում այն առումով, որ միգուցեև քննարկման առարկա դառնա կառավարման գործող ձևի վերանայման նպատակահարմարության հարցը»:

Նա հավելեց, որ իր դիտարկումը  առաջին հայացքից քննարկվող հիմնախնդրի հետ  աղերսներ չունի, բայց եթե հարցին մոտենանք համակարգային առումով, ուղղակիորեն առնչվում է: «Սահմանադրական դատարանի առաքելությունն է հենց իրավունքի գերակայության ապահովումը և այս կոնտեքստում առանցքային բաղադրիչներից մեկը իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական հաշվեկշռի ապահովումն է: Այսօրվա  իրողությունների պայմաններում որքանով են իշխանությունների բաժանման հաշվեկշիռ արդյունավետ և գործուն: Կարծում եմ՝  սա ևս կարող է դառնալ լրացուցիչ քննարկման առարկա առաջիկայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների կոնտեքստում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել