Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ Կառավարությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Շաթիրյանը նշեց, որ Սահմանադրական դատարանում պետք է կատարվեն ֆունդամենտալ փոփոխություններ։
Շաթիրյանն ընդգծեց՝ թե՛ Սահմանադրական դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանը փոքրիշատե կայացած կառույցներ են, բայց ունեն որոշակի հիմնախնդիրներ:
«Այս խնդիրների լուծմանը կգնանք հատվածակա ՞ ն, թե ՞ փուլային տարբերակով, մասնավորապես նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ: Մենք արդեն իսկ այս հարցի առնչությամբ համապատասխան նախադեպեր ունենք: Նկատի ունեմ 2005թ.-ի և առավելապես 2015 թ.-ի սահմանադրական փոփոխությունները: Թե, այնուամենայնիվ, պետությունը նպատակահարմար կհամարի գնալ առավել արմատական լուծումների ճանապարով, կարծում եմ, դեռևս պետք է լրացուցիչ նաև մասնագիտական քննարկումներ ծավալվեն»:
Էդգար Շաթիրյանն ասաց, որ լսել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ այս գաղափարին թե՛ կողմ թե՛ դեմ արտահայտվողների դիրքորոշումները․ «Իմ դիրքորոշումը հարցի առնչությամբ հետևյալն է. ընդհանուր գծերով դեմ չեմ»։
Շաթիրյանը նաև Գերագույն դատարանի վերաբերյալ որոշակի հարցադրումներ առաջ քաշեց:
«Եթե, այնուամենայնիվ, գնում ենք դասական ամերիկյան գերագույն դատարանի ձևավորման, կամ եթե անգամ գնում ենք հիբրիդ մոդելի ձևավորման ուղղով, հասկանալի է և գաղտնիք չէ, որ հատկապես 2015 թ.-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքներով սահմանադրական և դրանցից բխող մի շարք իրավակարգավորումներ փոխառնված են գերմանական իրավունքից, և այս ասպեկտով հետևյալ հարցադրումն է առաջ գալիս. արդյոք հնարավո՞ր է առնվազն սահմանադրական մակարդակում ամերիկյան և գերմանական ինստիտուտներից կամ իրավունքից փոխառնված ներդաշնակ գործունեությունը, թե այնուամենայնիվ, հարցին պետք է դրսևորվի առավել համակարգային մոտեցում այն առումով, որ միգուցեև քննարկման առարկա դառնա կառավարման գործող ձևի վերանայման նպատակահարմարության հարցը»:
Նա հավելեց, որ իր դիտարկումը առաջին հայացքից քննարկվող հիմնախնդրի հետ աղերսներ չունի, բայց եթե հարցին մոտենանք համակարգային առումով, ուղղակիորեն առնչվում է: «Սահմանադրական դատարանի առաքելությունն է հենց իրավունքի գերակայության ապահովումը և այս կոնտեքստում առանցքային բաղադրիչներից մեկը իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական հաշվեկշռի ապահովումն է: Այսօրվա իրողությունների պայմաններում որքանով են իշխանությունների բաժանման հաշվեկշիռ արդյունավետ և գործուն: Կարծում եմ՝ սա ևս կարող է դառնալ լրացուցիչ քննարկման առարկա առաջիկայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների կոնտեքստում»: