Հարութունյանների գործով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց

Այսօր` մարտի 5-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ հերթական դատական նիստը քաղաքացիական գործն ըստ հայցի Սևակ Արզարունու ընդդեմ Նարեկ Հարթունյանի, Սարո Հարթունյանի` գումարի բռնագանձման պահանջով և Սարո Հարթունյանի հակընդդեմ հայցի ընդդեմ` Սևակ Արզարունու, Արմեն Ազիզյանի` 01.07.2009թ.-ի թիվ 2403 պարտավորագիրը` դրանում արձանագրված «մաքուր շահույթի» 25%-ի Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9%-ի մասով, մասնակի անվավեր ճանաչելու պահանջով:

Գործը քննվում է ավելի քան 26 ամիս: Նախորդ դատական նիստին Նարեկ և Սարո Հարթունյանների ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավորի դեմ: Միջնորդության մեջ, մասնավորապես, նշված է` «Գործի քննության ավելի քան 26 ամիսների ընթացքում Ձեր կողմից արդարադատության իրականացումն իմ վստահորդներ Սարո և Նարեկ Հարթունյանների մոտ հիմնավոր կասկածներ են առաջացրել Ձեր անաչառության, Ձեր կողմից դատական իշխանության չարաշահմամբ, իրենց արդար դատաքննության իրավունքի խախտման, իրենց սեփականության նկատմամբ անհարկի արգելանքներ կիրառելու և իրենց իրավունքների խախտումն անորոշ ժամկետով ձգձգելու նպատակով անհիմն փորձաքննություններ նշանակելու որոշումներ կայացնելու հարցում: Նշվածի հիման վրա վստահորդներիս մոտ առկա է մտահոգություն, որ Դուք նաև սույն գործով ներկայացված սկզբնական հայցն ամբողջությամբ բավարարելու կանխակալ դիրքորոշում ունեք, հետևապես, սույն գործով Ձեր կողմից կայացվելիք վճիռը չի կարող հանդիսանալ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված «անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից» կայացված օրինական դատական ակտ և միջնորդում եմ, որպեսզի Դուք ինքնաբացարկ հայտնեք»:

Այնուհետև մոտ ութ էջի սահմաններում շարադրվել են այն բոլոր փաստերը և հանգամանքները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դատավորը կողմնակալ է:
Տեղեկացնենք, որ դատավոր Էդիկ Ավետիսյանն այսօր մերժեց միջնորդությունը:

Այնուհետև Սևակ Արզարունու ներկայացուցիչը միջնորդեց նշանակել դատահաշվապահական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Նարեկ և Սարո Հարթունյանների ներկայացուցիչ Լ.Հովհաննիսյանը առարկեց միջնորդության դեմ` հիմնավորելով, որ այդ դատավարական գործողության արդյունքում ստեղծված ապացույցը` փորձագետի եզրակացությունը, վերաբերելի չէ: Նա ներկայացրեց իր փաստարկները հիմնավորող գրավոր ապացույց, ինչպես նաև միջնորդության կապակցությամբ բազմաթիվ հարցեր ուղղեց կողմին, սակայն որևէ հարցի որևէ պատասխան չտրվեց:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` հայտարարելով` «դատարանի որոշումը երևի կհրապարակվի վաղը, ժամը 4-ին»:

Հանրային թղթակից` Անահիտ Պետրոսյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել