Վարորդական իրավունքի տրման կարգը շուտով կփոխվի

Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու կարգը առաջիկայում կփոխվեն։ Նախագիծը շրջանառվում է 2019 թվականից։

Փոփոխություններ կլինեն ինչպես տեսական քննությունում, այնպես էլ՝ գործնական վարման ժամանակ։

X-Drive ավտոմոտոսպորտ դպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ շատ է լինում եվրոպական երկրներում ու հազվադեպ է վթարներ տեսնում։ Սա այն բանի հետևանքն է, որ վարորդները ոչ միայն սովորում են երթևեկության կանոնները, այլև՝ անվտանգ երթևեկության հիմունքները, իսկ դա մի քանի ճանապարահային նշանները չեն միայն։ Արտաշես Ստեփանյանը նշում է նաև սպասվող փոփոխությունների և դրանց ազդեցության մասին։

-Ի՞նչ ընթացակարգով են հիմա քաղաքացիները ստանում վարորդական իրավունքի վկայականը։ Արդյո՞ք տեսական քննության հարցաշարերը բավարարում են արդի պահանջներին։

-Մեր ընկերությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիան աշխատել են Ճանապարհային ոստիկանության հետ և այդ աշխատաքներից ելնելով կարող եմ նշել, որ Հայաստանում այսօր վարորդական իրավունքների տրման գործող կարգը հնացած է, հարցաշարերը չափազանց հին են։ Երբ դիմորդը գնում է ՃՈ ստորաբաժանում՝ հանձնելու վարորդական իրավունքի քննություն, առաջին գործը տեսական քննություն հանձնել է։ Ինչպե՞ս է սա արվում․ մուծում է 3000 դրամ պետական տուրք, մտնում քննության, քննական սենյակում այժմ առկա 62 քննական տոմսից, որոնցից յուրաքանչյուրում 10 հարց է, պատահականության սկզբունքուվ պատասխանում տոմսերից որևէ մեկին ու տոմսում առկա 10 հարցից առնվազն 9-ին ճիշտ պատասխանելու դեպքում ստանում տեսական քննությունը։

-Իսկ եթե չի՞ ստանում։

-Եթե չստացվեց․․․ Այստեղ արդեն բացվում են խնդիրները։ Անձը կարող է նորից վճարել 3000 դրամ ու տեղում նորից հանձնել քննությունը։ Ու այսպես այնքան, որքան գումար և ժամանակ կունենա։ Ստացվում է, որ մեկ օրում, թեկուզ պատահականության սկզբունքով կարող է այս 10 հարցերից 9-ին ճիշտ պատասխանել ու ստանալ քննությունը։ Տեսական քննության 62 տոմսերի 620 հարցերից շուրջ 400-ն իրականում կրկնվում են։ Օրինակ, եթե խաչմերուկն է պատկերվում, մի հարցում վարորդը խաչմերուկի մի գոտում է, մյուսում՝ հակառակ գոտում։
Այսօրվա պահանջներին, մեքենաների դինամիկային, դրանց արագացմանը, դադարին, ճանապարհային երթևեկության քննական հարցաշարը չի բավարարում, հնացած է ու նորի կարիքը կա։ Հարցաշարն ընդհանուր առմամբ փոփոխությունների ենթարկվել է անհիշելի ժամանակներ առաջ, չհաշված նախորդ տարում եղած 2-3 հարցերը։

-Տեսական քննությանը հաջորդում է գործնական՝ վարման փուլը։ Ի՞նչ խնդիրներ ունենք այստեղ։

-Օրենքը պահանջում է, որ քննությունը պետք է անցնի քննական ավտոդրոմում, որը իրականում արդյունավետ չէ։ Այսինքն, վարորդի թեկնածուն անգիր է անում ավտոդպրոցներից մեկի ավտոդրոմը, ստանում քննություն, բայց իրականում միշտ չէ, որ նա մեքենա վարել գիտի։
Հայաստանում ճանապարհային ոստիկանությունը ավտոդրոմ ունի միայն Երևանում և Աբովյանում։ Մնացած տեղերում ավտոդրոմ չլինելու պատճառով անցնում են քաղաքային վարման, որը իրականում ավելի արդյունավետ է քան ավտոդրոմի քննությունը։ Նորից նույն սկզբունքն է, եթե կտրվեց քննությունից, կարող է տեղում նորից մուծել, էլի հանձնել քննությունը և այդպես շարունակ։ Այսինքն դիմորդը անգիր է անում ավտոդրոմը, ստանում քննություն, բայց իրականում նա մեքենա վարել չգիտի։

-Ներկայացված նախագծով ի՞նչ է սպասվում և ի՞նչ ակնկալիքներ ունեք Դուք։

-Նախ տեսական հարցաշարը գրեթե կրկնապատկվելու է՝ 620 հարցից դառնալով շուրջ 1200-ը։ Քննության համար նախատեսվում է ոչ թե 10, այլ՝ 20 հարց։ Դրական արդյունք գրանցելու համար հարկ կլինի պատասխանել արդեն ոչ թե նվազագույնը 9 հարցի, այլ՝ 18-ի։ Մենք առաջարկում էինք, որ առաջին անգամ տեսական քննությունը հանձնելու համար գումար չգանձվեր, իսկ 2-րդ անգամ հանձնելու համար քաղաքացին վճարեր ոչ թե նորից 3000 դրամ, այլ՝ 40-45 հազար դրամ։ Սա այն գումարն է, որ դիմորդին կստիպեր լավ սովորել, այսինքն՝ կամ լավ սովորել ու հենց առաջին փորձից հանձնել, կամ կորցնել այդ 40 հազար դրամը։ Սակայն սա չընդունվեց։

Երբ այս նախագիծն ընդունվի և ուժի մեջ մտնի, գործնական քննությունը կանցնի արդեն 2 փուլով։ Առաջինը՝ ավտոդրումում վարում՝ շուրջ 15 րոպե տևողությամբ, երկրորդ փուլը՝ քաղաքային պայմաններում, իրական երթևեկության մեջ վարումը՝ շուրջ 30 րոպե տևողությամբ։ Այսինքն, եթե վարորդի թեկնածուն սովորել է մեքենա վարել իրական պայմաններում, այլ ոչ թե ավտոդրոմում, ապա նա ավելի մեծ շանսեր կունենա բարեհաջող հանձնելու քննությունը, քան այն թեկնածուները․ ովքեր ուղղակի մի քանի գործողություն անգիր են սովորել ավտոդրոմում։

-Նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել դեռ 2019 թվականի հուլիսին։ Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ դրան այսքան երկար ժամանակ անդրադարձ չի կատարվել։

-Քանի որ այս տարվա հունվարի 1-ից ընդունվեց բալային համակարգը և դրա աշխատանքները մեծ ծավալ էին կազում, այս նախագծի ընդունումը կառավարությունում ու ճանապարհային ոստիկաննությունում ձգձգվեց։ Նախագիծը պատրաստ է, դրա վրա ՃՈ-ն երկար աշխատել է, այն արդեն կառավարությունում է։ Սրա մասին մի պահ մոռացան բոլորը, բայց առաջիկայում կառավարությունը կընդունի որոշումը ու կանցնենք վարորդական վկայականների տրման նոր կարգին և դա տեղի կունենա ավելի շուտ, քան սպասում ենք։

-Ի՞նչ եք կարծում, սա օգնություն կլինի՞ երթևեկության կանոնակարգմանը։

-Սա դրական փոփոխություն է։ Նախկին օրենքները, նախկին հարցաշարերը շատ հեռու են այսօրվա մեքենաների, կյանքի դինամիկայից։ Այսօր կարող եք ձեռք բերել այնպիսի մեքենա, որ 3 վայրկյանում 0-100 կմ/ժ արագություն կհավաքի։ Երբ մեքենան նման արագություն է ունենում, դա ոչ թե վարորդի «շնորհքն» է, այլ՝ մեքենայի։ Վարորդը պետք է «շնորհք» ունենա կանգնացնել այդ մեքենան։ Դա անելու համար նախ վարորդը պետք է իմանա, թե որքան ժամանակ, որքան տարածություն է իրեն հարկավոր ու միայն երթևեկության կանոններն իմանալը քիչ է։ Նոր վարորդը պետք է իմանա անվտանգ երթևեկության հիմունքները։ Եթե ճանապարհային երթևեկության կանոնները մեկ անգամ սովորեք, էլ երբեք չեք մոռանա, անգամ եթե հատուկ չսովորեք էլ, բայց քաղաքում մի կետից մյուսը տեղափոխվելիս ուշադիր լինեք նշաններին՝ կսովորեք արդեն, իսկ անվտանգ երթևեկության հիմունքներն ուղղակի չեք կարող սովորել։

Ավտոդպրոցները սովորաբար 2 տարբերակով են սովորեցնում․ եթե ցանկանում են շատ արագ ստանալ իրենց վարորդական իրավունքի վկայականը և եթե իսկապես ցանկանում են սովորել նաև անվտանգ երթևեկության հիմունքները։ Երկրորդ տարբերակն ավելի երկար է ու շուրջ երկու անգամ թանկ։

-10 սովորողից քանի՞սն են ընտրում երկրորդ տարբերակը։

-10-ից մեկը՝ լավագույն դեպքում։ Դրա համար էլ մեր երթևեկությունն այս տեսքը ունի։ Ոչ մի հարցաշարում չկա գրված, թե օրինակ անիվի ի՞նչ մաշվածության դեպքում էլ չի կարելի վարել մեքենան, որքա՞ն է դրա թույլատրելի մաշվածությունը։ Ձմեռային նոր անիվի անվահետքի (протектор) խորությունն 8 միլիմետր է ու, երբ այն դառնում է 4 միլիմետր, էլ չի կարելի օգտագործել։ Երբ մեր քաղաքացիները Վրաստանից գնում անիվներ են գնում ու ասում, ինչ լավ էր, նոր անիվներ ենք գնել 4 հատ՝ 40 հազար դրամով, դա ոչ նոր է, ոչ էլ լավ։ Ամբողջ աշխարհում դա դեն նետելու անիվ է արդեն, Հայաստանում՝ նոր։ Այն նաև պահպանման ժամկետ ունի՝ 5 տարի։ Այլ երկրներում որևէ տեխզննման կետում նման անիվները չեն անցի, իսկ Հայաստանում մեքենաների մեծ մասը նման անիվներով են։
Ապագա վարորդները պետք է սովորեն, լավ սովորեն, պարտադիր չէ սովորել ավտոդպրոցում, այսօր համացանցը ևս տալիս է սովորելու հնարավորություն, ինչպես նաև օրենքը չի արգելում ինքնուս անձանց քննություն հանձնելու։

-Ի՞նչ խորհուրդ կտաք նոր քննություն հանձնողներին։

-Եթե իրենց ուղղակի վարորդական իրավունքի վկայականն է պետք, թող արագացնեն քննություն տալը, քանի դեռ չի գործում նոր օրենքը, իսկ եթե ուզում են անվտանգ վարորդ դառնան, թող սպասեն նոր օրենքի ընդունմանը։

Ալիսա Չիլինգարյան

Լուսանկարները՝ Վահե Վարդանյանի

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել