Ի՞նչ անել, եթե կորել է նույնականացման քարտը

Պետք է իմանալ, որ եթե Ձեր նույնականացման քարտը կորել է կամ լրացել է դրա վավերականության ժամկետը, այն, Ձեր ցանկությամբ, կարող եք ներկայացնել փոխարինման, իսկ ազատազրկման դատապարտված անձինք, նման ցանկության դեպքում, կարող են դիմում գրել` ժամանակավոր վկայականի տրամադրման համար:

Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ` Հայաստանի Հարապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տրվում է ժամանակավոր վկայական:

Ժամանակավոր վկայական կարող է տրվել նաև ազատազրկման դատապարտված քաղաքացուն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալին` ընդհանուր հիմունքներով:

Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում ժամանակավոր վկայական ստանալու համար քաղաքացին անձամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն է ներկայացնում դիմում և 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով ժամանակավոր վկայական ստանալու համար դիմումին կցվում են խնամակալի կամ ներկայացուցչի անձնագրի և խնամակալի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենները։ Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալները ժամանակավոր վկայական ստանալու համար ներկայացնում են նաև քրեակատարողական հիմնարկի կողմից տրված կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականը և դրա պատճենը: Վկայականի բնօրինակը պատճենի հետ համեմատելուց հետո վերադարձվում է քաղաքացուն:

Ազատազրկման դատապարտված քաղաքացուն ժամանակավոր վկայական տրամադրելու համար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը և լուսանկարները 1-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հարապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն:

Ժամանակավոր վկայականը քաղաքացուն տրամադրվում է նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` անմիջապես:

Ժամանակավոր վկայականը տրամադրվում է 15 աշխատանքային օր վավերականության ժամկետով` բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին օրենքով սահմանված կարգով կնքել է սեղմ ժամկետում նույնականացման քարտ տրամադրելու կամ փոխանակելու պայմանագիր: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալներին ժամանակավոր վկայականը տրամադրվում է կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականում նշված ժամկետով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել