Ցուցմունք տվեց Վահե Ավետյանի գործով դատաբժիշկ-փորձագետը

Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծից հետո մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործի քննությունը:

Դատական նիստը սկսվեց սահմանված ժամից ուշ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Վահե Գրիգորյանը դատարանին տեղեկացրել էին, որ աշխատանքի զբաղվածության պատճառով կուշանան: Ներկայանալուն պես՝ դատարանը, հաշվի առնելով, որ պաշտպանները նախապես տեղյակ էին դատական նիստի կոնկրետ ժամին, ուշացման համար նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում:

Այսօր դատական նիստին ներկայացել էր գործով վկա, փորձագետ Գևորգ Գաֆարյանը:

Դատարանը փոփոխեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը: Նախ հրապարակեց Վահե Ավետյանի դիակի դատաբժշկական փորձագիտության եզրակացությունը, ապա՝ լսեց դատաբժշկական փորձագիտության եզրակացությունը կազմած փորձագետ Գևորգ Գաֆարյանին:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունում արձանագրվածի մի հատվածի՝ «նման վնասվածքները կենդանի անձանց մոտ սովորաբար համարվում են` առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած, իսկ տվյալ դեպքում` բերել են մահվան»: Ի դեպ, նշենք, որ հենց սկզբից պաշտպանական կողմը համաձայն չէ նման եզրակացությանը:

Փորձագետ Գևորգ Գաֆարյանը դատարանին հայտնեց, որ եզրակացությունում գրվածից ավելի ոչինչ չունի ավելացնելու: Նա պատասխանեց դատավարական կողմերի հարցերին:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել