Դատարանը մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։
Դատարանը նշեց․ միջնորդությունը անհիմն է։
Միջնորդությանն առարկեց նաեւ մեղադրող դատախազը՝ անհիմն լինելու պատճառով։
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 11-ին, ժամը՝ 14։00-ին։
Նշենք, որ այս նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէր, քանի որ նա արդեն մի քանի օր է, որ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է, կալանքը փոխարինվել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: