Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ կգումարվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Այսօր՝ ժամը 18։00-ին դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը»,-նշել է նա։
Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: