Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Մանվել Գրիգորյանը ներկա չէ դատական նիստին, քանի որ լավ չի զգացել իրեն։
Պաշտպանները նորից միջնորդություն են ներկայացրել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ։
Փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ անհրաժեշտ և բավարար ապացույցներ չկան նախկին պատգամավորին կալանքի տակ պահելու համար և առաջարկեց խափանման միջոց ընտրել գրավը։
«Մենք առաջարկում ենք 1 միլիարդ 670 միլիոն 900 հազար դրամ շուկայական, 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար դրամ լիկվիդացիոն արժեքով 25 միավոր անշարժ գույքի գրավ, որոնք արգելանքի տակ չեն գտնվում և որով չեզոքացվում է դատարանի նախկինում ակնարկած այն դիրքորոշումը, որ Գրիգորյանը ազատության մեջ մնալով չի դրսևորի պատշաճ վարքագիծ։ Իսկ նման վարքագծի դրսևորման դեպքում գրավադրված գույքը կհամարվի պետության սեփականությունը»,-նշեց Բաղդասարյանը։
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշեց, որ նշված գույքի սեփականատերը Մանվել Գրիգորյանը չէ, փաստաթղթերում էլ չի ներկայացվում, թե ովքեր են այդ գույքի սեփականատերը։
«Մանվել Գրիգորյանին պատկանող ամբողջ գույքը արգելանքի տակ է։ Ինձ ժամանակ է պետք դիրքորոշում հայտնելու համար»,-նշեց դատախազը։
Նիստը հետաձգվեց և նշանակվեց դեկտեմբերի 24-ին։
Դատական նիստը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: