Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հուլիսի 2-ին, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ վերջինիս խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ:
Դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց պաշտպանների միջնորդությունը մերժել, Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Դատարանը որոշեց նաև կրկին նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ Մանվել Գրիգորյանի ներկա առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար:
Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: