Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի խոսքով, Մանվել Գրիգորյանի նկատմամբ պետք է նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։
Նա առարկեց պաշտպանական կողմի՝ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Դատախազի խոսքով, Մանվել Գրիգորյանն այժմ էլ բժշկական հաստատությունում է գտնվում և եթե անգամ ազատվի կալանքից, միևնույն է մնալու է հիվանդանոցու:
Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: