Կառավարությունը առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարել:
Նշված օրենսգիրքի 47-րդ հոդվածը նախատեսվում է լրացնել 7 կետով.
Նախագծով նախատեսվում է, որ էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը կառաջացնի տուգանք՝ 30 հազարից 50 հազար դրամի չափով:
Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը կառաջացնի տուգանք ՝ 50 հազարից 60 հազար դրամի չափով:
Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթերի լրացմանկան շրջանառության պահանջները խախտելը կառաջացնի տուգանք՝ 20 հազարից 30 հազար դրամի չափով:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը խախտելը կառաջացնի տուգանք` 150 հազարից 200 հազար դրամի չափով:
Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայք չունենալը կառաջացնի տուգանք՝ 100 հազարից 150 հազար դրամի չափով:
Արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայք չունենալը կառաջացնի տուգանք՝ 80 հազարից 100 հազար դրամի չափով:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի պաշտոնական ինտերնետային կայքում ծառայությունների կամ գնացուցակի կամ բուժանձնակազմի վերաբերյալ տվյալների կամ մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ հետադարձ կապի հնարավորության բացակայությունը կառաջացնի տուգանք՝ 50 հազարից 60 հազար դրամի չափով:
Նախագծով նախատեսվում է նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգով համապատասխան հաղորդում չներկայացնելը կամ դրան երկայացնելու կարգը խախտելը կառաջացնի տուգանք՝ 150 հազարից 200 հազար դրամի չափով:
Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հիմքով օրենքի համաձայն արգելված դեպքերում բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելը բուժաշխատողի համար կառաջացնի տուգանք՝ 150 հազարից 200 հազար դրամի չափով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է՝
1) անձնական տվյալների մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումների, ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ սահմանելու միջոցով ապահովել քաղաքացիների անձնական կյանքը հարգելու, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները,
2) պացիենտների իրավունքների և պարտականությունների ճշգրտված, ավելի հստակ շրջանակի սահմանմամբ՝ ապահովել պացինետների իրավունքների առավել արդյունավետ իրացումը,
3) սահմանել իրավական հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար,
4) օրենսդրորեն կանոնակարգել լայնածավալ արտակարգ իրավիճակների կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների դեպքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները,
5) բժշկական փորձաքննությունների ցանկի ճշգրտմամբ, կարգավորել օրենսդրական առկա բացերը, սահմանել պարտադիր դատաբժշկական փորձաքննությունների դեպքերը եւ ձևերը,
6) օրենսդրորեն կարգավորել բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները, ստեղծել բժշկական արտադրատեսակների գրանցման, ներմուծման և շրջանառության ոլորտում լիարժեք օրենսդրություն և արդիական ինստիտուցիոնալ կառուցակարգեր:
7) պատասխանատվության միջոցների սահմանմամբ կանխարգելել կամ նվազեցնել խախտումները,
8)բարելավել բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունները`դրանց կանոնակարգումը իրականացնելով օրենսդրությամբ սահմանված էթիկայի կանոնների կիրարկմամբ,
9) օրենսդրական բացերի վերացմամբ բացառել տարընթերցումները, օրենքի նորմերի սխալ մեկնաբանումը կամ կիրարկումը
10) բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների համար սահմանել լիցենզիայում նշված վայրից դուրս` վերջիններիս իրականացման հնարավորություն: