Կեսգիշերն անց, երբ հանդարտվում է մեքենաների ու հետիոտնի անցուդարձը, իրենց աշխատանքն են սկսում քաղաքի մաքրուհիները: Մինչև լուսաբաց ձգվող աշխատանքն ունի իր բարդությունները: Պողոտաներ, փողոցներ ու բակեր. անելիքը շատ է, երբեմն նաև՝ ոչ անվտանգ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Թեև քաղաքի մաքրությամբ զբաղվող աշխատակիցները կրում են լուսաանդրադարձիչ հատուկ համազգեստ, երբեմն լինում են վրաերթի դեպքեր: Այս հարցում անչափ կարևոր է վարորդների զգոնությունը:
https://www.facebook.com/Yerevanofficial/videos/245079493106277/
2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Նախորդ ամիսներից սկսած՝ քաղաքի մաքրության գործընթացը տապալած մասնավոր օպերատորի ձախողումների հետևանքով քաղաքի արտաքին տեսքը, մեղմ ասած, անմխիթար դարձավ: Ստեղծված իրավիճակն ու «Սանիթեքի» վարքագիծը պատճառ դարձան, որ քայլեր ձեռնարկվեն նաև այդ ընկերության հետ կնքված պայմանագրերի կատարումն ու ընդհանրապես, դրանց կնքման օրինականությունը ստուգելու ուղղությամբ: Արդյունքը երկար սպասել չտվեց:
«Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով՝ սույնով ամբողջությամբ միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նորաստեղծ հիմնարկի աշխատակազմից հսկայական ջանք ու կենտրոնացում պահանջվեց՝ նվազ ռեսուրսներով, արտակարգ պայմաններում քաղաքը աղբից մաքրելու գործը հունի մեջ գցելու համար:
«Մեծ քանակությամբ աղբի գեներացված կույտեր կային, որոնք շատ դժվարությամբ մեր բանվորների ուժերով հանեցինք: Բավականին սեղմ ժամկետում կարողացանք այս ճգնաժամից դուրս գալ»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:
Համայնքային հիմնարկում այս պահին տեխնիկայի և աշխատակիցների համալրումը շարունակվում է: Աղբը մեր փողոցներից ու բակերից հեռացնելու համար համայնքը առնվազն 55 մասնագիտացված մեքենայի կարիք ունի: Ձնամաքրման աշխատանքների կազմակերպման համար էլ կպահանջվի շուրջ 30, իսկ սանմաքրման համար՝ 17 միավոր տեխնիկա:
Նկարահանումների ընթացքում հանդիպեցինք նաև այսպիսի տեսարանի. մի կողմից աշխատակիցները մաքրում են քաղաքը, մյուս կողմից՝ քաղաքացին ավտոմեքենայից դուրս է նետում աղբը:
«Մինչև այս վիճակը չհաղթահարենք, տուգանքներ չկիրառենք, մեր քաղաքի մաքրությունը լիարժեք չենք տեսնի»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Երևանը մաքուր պահելու և բարելավված քաղաքային միջավայր ձևավորելու հարցում անչափ կարևոր է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքը մայրաքաղաքի հանդեպ: Ամեն անգամ մեքենայի լուսամուտից աղբը նետելիս հիշեք, որ հարյուրավոր աշխատակիցներ անում են ամեն ինչ, որ արդեն առավոտյան Երևանը մաքուր դիմավորի ձեզ:
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/94573adbe01e68af674ddcb2ad7ca941415da707.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/770cd681267cdf4457e1357bd0ac9be79e0e41f5.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/1bd7470c72fb2b886e95e920c6a632ffcf00329b.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/2ba38f313aa19352c27c9089efedcafcf2870785.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/ec414a5848458f3c819568a22a866f57fdc76001.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/0b9e2ff1499406423c53378d358da0f59c6b6a5c.jpeg)