ՀՀ արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների կազմում ընդգրկվելու համար ներկայացրել է միջազգային իրավունքի մասնագետ, ի.գ.թ. Արա Խզմալյանի թեկնածությունը:
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին արդարադատության նախարարությունից:
Հավելենք, որ այժմ Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներն են Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝որպես հիմնական անդամ և Վարդան Պողոսյանը, ով Հայաստանում GIZ (Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության) ներկայացուցիչն է՝ որպես փոխարինող:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Արա Խզմալյանի կենսագրությունը՝ ըստ վերոնշյալ կազմակերպության տվյալների:
Արա Խզմալյանը «ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ՍՊԸ-ի համահիմնադիրն է։ Ղեկավարում է կազմակերպության իրավաբանական խորհրդատվությունը:
Նա ունի ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձառություն, որի ընթացքում աշխատել է Պեռնո Ռիկար խմբի հայկական ընկերություններում (ներառյալ 7 տարի ղեկավար պաշտոններում), իրավախորհրդատու տեղական առաջատար իրավաբանական խորհրդատվական կազմակերպությունում։ Նա նաև շուրջ 10 տարի դասավանդում է Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երում։ Արան հաջողությամբ լրացուցիչ արժեք է ապահովում բիզնեսի համար՝ իրավական ռիսկերի մեղմացման և օպտիմալ լուծումներ տալու միջոցով։ Իր հագեցած կարիերայի ընթացքում Արա Խզմալյանը կարողացել է ձևավորել խորը պատկերացում Հայաստանում ու տարածաշրջանում բիզնեսի առջև առկա խնդիրների ու դրանց լուծման օպտիմալ եղանակների մասին։
Պերնո Ռիկար խմբի Հայաստանյան ընկերություններում իր աշխատած տարիներին նա վարել է բարդ դատավարություններ, ապահովել է բարդ միջազգային գործարքների իրավաբանական աջակցություն, և լուծել կազմակերպությունների գործունեության հետ կապված բոլոր իրավական խնդիրները։ Նաև հաջողությամբ մշակել և կիրառության մեջ է դրել Կորպորատիվ Կառավարման կանոնակարգերի համակարգ։
Աշխատելով տեղական առաջատար իրավախորհրդատվական ընկերությունում՝ Արա Խզմալյանը հաճախորդներին է մատուցել իրավաբանական խորհրդատվություն իրավական տարատեսակ հարցերով (այդ թվում՝ առևտրային գործարքների, աշխատանքային, կորպորատիվ, հարկային, ներդրումային, շինարարական, բանկային, հանքարդյունաբերության, լիցենզավորման, առևտրի, մտավոր սեփականության, ժառանգության, վարչական և այլ ոլորտներում)։
Արա Խզմալյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, նաև հանդիսանում է ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ և արտոնագրային հավատարմատար։