Հոկտեմբերի 2-ի օրինագծի վերաբերյալ ՍԴ-ն որոշում է ընդունել. փոփոխությունները համապատասխանում են Սահմանադրությանը

6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը նախագիծ էին ներկայացրել՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին:

Նախագծով, խորհրդարանի չկայացած նիստը համարվում է ոչ թե տեղի չունեցած, այլ ընդհատված նիստ: Եթե, օրինակ, արտակարգ իրավիճակ է ստեղծվել, շրջափակվել է խորհրդարանի շենքը, և պատգամավորները չեն կարողացել ներկայանալ նիստին, այդ նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդմիջված: Այդ նույն նիստը կարող է շարունակվել այն ժամանակ, երբ ապահովվի պատգամավորների ներկայությունը, եթե դա լինի անգամ ամիսներ անց:

Ստացվում է, որ Սահմանադրության այն դրույթը, որ երկու նիստում վարչապետ չընտրվելու դեպքում իրավունքի ուժով խորհրդարանը պետք է լուծարվի, այդ կետը հակադրվում է ընդունված նախագծին, և հետևաբար այդ նախագծի ընդունումից և ստորագրումից հետո հնարավոր կլինի կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին նախագիծը ընդունվեց 2-րդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ ընդունվելու ընթացքում նշված դրույթը նախագծում չկար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ցույց էր կազմակերպել ԱԺ շենքի մոտ՝ վիճահարույց նախագիծը չընդունելու պահանջով՝ նշելով, որ օրինագծով ԱԺ «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փորձ է անում կանխել 6-րդ գումարման ԱԺ-ի լուծարումը:

Այս օրենքը կընդունվեր, եթե այն ստորագրեր նախագահը, սակայն վերջինս հոկտեմբերի 23-ին որոշել էր դիմել ՍԴ՝ ընդունվող օրինագծի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

Ապրիլի 19-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումը: Ըստ դրա՝ օրինագծով նախատեսված փոփոխությունները համապատասխանում են Սահմանադրությանը: 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել