ՀՔԾ-ն ունենալով օպերատիվ հետախուզական, նախաքննության, դատախազական հսկողության լիազորություններ` կդառնա հակակոռուպցիոն սուպեր մարմին. Նարեկ Ենոքյան

Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն երկու և ավելի մարմինների փոխարեն, մեկ միասնական մոդելի ընտրությունը բարձրացնում է հակակոռուպցիոն մարմնի գործունեության արդյունավետությունը,  տնտեսվում են պետության կողմից հատկացվող ֆինանսական ռեսուրսները,  բացառվում է տարբեր մարմինների կողմից նույն գործառույթը իրականացնելու պրակտիկան: Այն ավելի արդյունավետ է գործում, հաշվի առնելով, որ ռեսուրսները մեկ հարկի տակ են գտնվում, ինչն ավելի դյուրին է դարձնում բոլոր գործառույթների իրականացումը, որոնք փոխկապակցված են:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի իրավաբան-փորձագետ Նարեկ Ենոքյանը: 

Իրավաբանի խոսքով, չեզոքանում է գերատեսչական շահերի ռիսկը,  նվազում են շահերի բախման իրավիճակները և միջգերատեսչական անառողջ մրցակցությունը:  Արդյունքում ունենում ենք մի մարմին, որը ֆունկցիոնալ առումով, ոչ միայն օժտված է լինում հակակոռուպցիոն պայքար մղելու այնպիսի կարևորագույն գործիքներով, ինչպիսիք են՝ հակակոռուպցիոն կրթությունը, կանխարգելում և իրավապահ գործառույթը, այլև այդ մարմինը լիարժեք պատասխանատվություն է կրում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված արդյունքների համար:  Հարկ ենք համարում նաև նշել,  որ միջազգային պրակտիկայում ընդունված է,  որ ունիվերսալ մարմինն ինքն է մշակում իր գործունեության ծրագիրը և ձեռնամուխ լինում այդ ծրագրի իրականացմանը:

-Ձեր կարծիքով օրենսդրական ինչպիսի՞ կարգավիճակ պետք է ունենա ապագայում ստեղծվելիք ունիվերսալ մարմինը:

-Իմ խորին համոզմամբ ապագայում ստեղծվելիք մարմինը պետք է ունենա սահմանադրական մարմնի կարգավիճակ, համապատասխան փոփոխություններ պետք է իրականացվեն ՀՀ Սահամանադրության մեջ, որպեսզի ապահովվի մարմնի գործունեության անկախությունը և քաղաքական չեզոքությունը: Երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները չպետք է ազդեցություն ունենան մարմնի գործունեության վրա: Նախկինում մենք ականատես ենք եղել իրավիճակների, երբ քաղաքական փոփոխությունները ուղղակի ազդեցություն են ունեցել իրավապահ մարմինների գործունեության վրա: Կարծում եմ, որ ժողովրդավարական պետությունում անընդունելի են նմանատիպ զարգացումները: Ես այն համոզմունքին եմ, որ  Հայաստանում քաղաքական ազդեցությունց չեզոք հակակոռուպցիոն  մարմին ունենալը օրվա հրամայական է հանդիսանում:

-Ի՞նչ առավելություններ ունի կենտրոնացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը.

-Նախ և առաջ պետք է փաստել, որ անկախ ունիվերսալ մարմինը օժտված է անկախության բացառիկ երաշխիքներով որոնք բխում են հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին 2012 թվականի Ջակարտայի սկզբունքներից: Ունիվերսալ մարմինն իր գործունեությամբ հաշվետվողական է պետական մարմինների և հասարակության առջև: Օրենսդրությամբ երաշխավորված է ունիվերսալ մարմնի կողմից մարդկային ռեսուրսների հանդեպ իրավասություն ունենալու և արդյունավետ կառավարում իրականացնելու սկզբունքները:

Սահմանադրությամբ երաշխավարված է նաև  ունիվերսալ մարմնի ղեկավարների ու աշխատողների անձեռնմխելիությունը:

-Արդյո՞ք հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու պրակտիկան լայն տարածում է ստացել արտասահմանյան երկրներում: 

-Նշեմ, որ ունիվերսալ մարմիններ ստեղծելու պրակտիկան լայն տարածում է գտել մի շարք երկրներում՝ Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Բոսնիա և Հերցեգովինան,  Բոտսվանան, Հոնկոնգը, Սինգապուրը, Բութանը, Հարավային Կորեան և այլ երկրներ:  Ի հավելումն վերոգրյալի պետք է փաստել, որ արդյունավետ հակակոռուպցիոն պայքար իրականացնելու տեսանկյունից կարևորվում է նաև մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և դատախազությունում միայն կոռուպցիոն հանցագործությունների մեջ մասնագիտացված ստորաբաժանման հիմնումն ու կարողությունների զարգացումը: Հատկանշական է այն հանգամանքը, որ ունիտար կառուցվածք ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են հանդիսանում Բոտսվանան, Բութանը, Լեհաստանը, Լատվիան, Հոնկոնգը և Սինգապուրը հակակոռուպցիոն պայքարում արձանագրված հաջողությունների գրավականը ունիվերսալ մարմինն է հանդիսանում:

-Արդյո՞ք մտահոգություններ չկան, որ օրենսդրական լայն լիազորություններով օժտված մարմինը կարող է վերածվել «սուպեր մարմն»-ի և անհնարին դառնա այդ մարմնի հանդեպ վերահսկողություն իրականացնելը:

-Կարծում եմ, որ մանիպուլյատիվ բնույթ են կրում բոլոր այն հայտարությունները, որոնք նշում են, որ նշյալ մարմինը կարող է վերածվել «սուպեր մարմնի» և հնարավոր չլինի վերահսկողություն իրականացնել այդ մարմնի նկատմամբ: Ժողովրդավարական կառավարում ապահովելու համար ունիվերսալ մարմնի պարագայում ևս գործ ունենք զսպիչների և հակակշիռների համակարգի հետ: Որպես սահմանադրական անկախ մարմին՝ այն հաշվետու է լինելու Ազգային ժողովին, որը վերահսկողություն է իրականացնելու մարմնի գործունեության նկատմամբ: Հաշվետվողականությունը խորհրդարանի առջև դրսևորվում է եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան զեկույցների ներկայացման, ինչպես նաև պատգամավորների հարցերին պատասխանելու միջոցով։ Ունիվերսալ մարմինը ենթարկվում է նաև դատախազական հսկողության, որը արտահայտվում է մարմնի կողմից իրականացված հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու միջոցով։ Ունիվերսալ մարմինը ենթարկվում է նաև հասարակական վերահսկողության: Մասնավորապես օրենքի հիման վրա ստեղծվում է մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խորհուրդ,  որը վերահսկողություն է իրականցնում ունիվերսալ մարմնի գործունեության նկատմամբ: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ գոյություն չունի որևէ երկիր, որտեղ ունիվեսալ մարմինը դարձել է «սուպեր մարմին» և դուրս մնացել զսպիչների և հակակշիռների համարգից:

Մյուս կողմից էլ, առավել հավանական է, որ ինքնավար հակակոռուպցիոն իրավապահ մարմինը ինչպիսին ներկայումս ոմանց կողմից առաջարկվում է դարձնել ՀՔԾ-ն, որը ունենալով օպերատիվ հետախուզական, նախաքննական, դատախազական հսկողության լիազորություններ և չնախատեսելով ինստիտուցիոնալ վերահսկողության մեխանիզմներ` կդառնա հակակոռուպցիոն սուպեր մարմին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել