Արթուր Դավթյանը դատավոր Գագիկ Հեբոյանին ազատությունից զրկելու հարցով դիմել է ԲԴԽ-ին

Գլխավոր դատախազը երկու միջնորդություն է ներկայացրել բարձրագույն դատական խորհրդին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և դատավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այս մասին Իրավաբան.netին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի գտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է:

Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով հանցանքը կատարելուց անմիջապես հետո բռնված դատավորը վերցվել է արգելանքի, որի մասին նշված հոդվածով սահմանված կարգով տեղեկացվել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և ՀՀ գլխավոր դատախազը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել