Այսօր՝ մարտի 4-ին, վճռաբեկ դատարանում Բարձրագույն դատական խորհուրդը քննում էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:
Քննվում էր հետախուզման մեջ գտնվող անձի նկատմամբ դատավորի կողմից ձերբակալման որոշման օրինաչափության հարցը:
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը ԲԴԽ անդամներին ներկայացրեց հանձնաժողովի եզրակացությունը՝ նշելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, տիրապետելով այն տեղեկատվությանը, որ անձը ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ է գտնվում, անտեսել է նրան ձերբակալաման հիմքի բավարար առկայությունն ու անձի ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ:
Այս որոշումը կայացվել է 2018 թվականի մայիսի 26-ին:
«Քրեական հետապնդման մարմինը, մինչև անձի ձերբակալումը օբյեկտիվորեն չէր կարող տիրապետել օտարերկրյա իրավասության մարմնի կողմից՝ անձի կալանավորումը որպես խափանման միջոց ընդունելու մասին որոշմանը կամ դատավճռին, քանի որ, ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից՝ Հայաստանի տարածքից դուրս հանցագործություն կատարած ՀՀ տարածքում ձերբակալելու դեպքում ձերբակալումն իրականացրած մարմինն անհապաղ տեղեկացնում է հետախուզման նախաձեռնողին՝ պահանջելով տվյալ պետության իրավասու մարմինների կողմից կայացրած կալանավորումը որպես խափանման միջոցի մասին որոշումը կամ դատավճիռը»,-նշեց Մխիթար Պապոյանը:
Նրա խոսքով, համապատասխան որոշումը կամ դատավճիռը քրեական հետապնդման մարմնի կողմից կարող է պահանջվել վերջինիս կողմից նրան միայն ձերբակալումն իրականցնելուց հետո: Սրանից հետևում է, որ անձի ձերբակալման պահին նշված փաստաթղթի բացակայության, ինչպես նաև դրանով պայմանավորված ձերբակալության առաջարկման վիճարկման հարց չի կարող քննարկվել:
«Հանձնաժողովը գտնում է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների և դրանով պայմանավորված հետևանքների արդյունքում հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը, հետևապես պետք է արձանագրել, որ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի նորմերի խախտումը կրում է կոպիտ բնույթ»,-նշեց Մխիթար Պապոյանը:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հարց ուղղելով Մխիթար Պապոյանին, նշեց, որ, ըստ ԲԴԽ-ին ներկայացրած բացատրությունների, անձին ազատությունից զրկելու պահին տեղյակ չի պահվել, թե ինչ հիմքով և ինչի կապակցությամբ է ձերբակալվել անձը, իսկ կասկածանքի բովանդակության մասին տեղեկություններ չեն տրամադրվել դատարանին:
Մխիթար Պապոյանը նշեց, որ նշվածն իրականում ոչ թե հանձնաժողովի, այլ Աննա Դանիբեկյանի կողմից ներկայացված բացատրության մեջ է գրված:
Քննարկվեց նաև այն հարցը, որ դատարանը՝ անձին ձերբակալելու հարցը քննելիս պատշաճ ձևով չի ստացել անհրաժեշտ թարգմանությունները:
Դատավոր Աննա Դանիբեկյանն ԲԴԽ-ին իր բացատրությունները ներկայացնելիս նշեց, որ անձի ձերբակալությունը ոչ իրավաչափ համարելու մասին որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ, ըստ որոշման, չի տրամադրվել կալանավորման մասին որոշումը, մինչդեռ եթե դատարանը տրամադրեր որևէ այլ տեղեկություն, որով կհիմնավորվեր, որ տվյալ անձը կատարել է այն հանցանքը, որը նշված էր ձերբակալման արձանագրությունում, ապա դատարանը կարող էր այդ որոշումը համարել հիմնավոր կասկածի առկայություն:
«Որոշումը և բոլոր փաստաթղթերը առկա են եղել դատախազությունում, դատական նիստը տևել է 12 ժամ, սկսվել է 11:30-ին, ավարտվել առավոտյան 6-ին: Այդ ընթացքում, ինչպես նաև մինչ դատական նիստը, դատարանը փորձել է դատախազությունից ստանալ այդ փաստաթղթերը, որոշում կամ այլ փաստաթուղթ, և դատախազությունը հրաժարվել է տրամադրել որևէ այլ փաստաթուղթ: Դատարանն այդ փաստաթղթերը փորձել է ստանալ նաև քրեական հետապնդման մարմնի միջոցով և քրեական հետապնդման մարմինը որևէ կերպ չի կարողացել դատախազությունից ստանալ դրանք»,-նշեց նա:
Աննա Դանիբեկյանի խոսքով, անձը պատշաճ կերպով իրազեկված չի էլ եղել, թե ինչի համար է հետապնդվում:
«Տվյալ անձը հանդիսացել է և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Մոլդովայի քաղաքացի, բնակվել է Ուկրաինայում, հաշվառված էր Կիպրոսում, ծնված էր Ղազախստանում, ես ի՞նչ իմանամ, թե որ երկրում ինչ է կատարել, և ո՞ր երկրի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով էր հետախուզվում»,- նշեց դատավորը:
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Աննա Դանիբեկյանն իմացել է, որ գործով անցնող անձը հետախուզման մեջ է գտնվում և չէր կարող չհետաքրքրվել, թե ի՞նչ հոդվածներով էր քրեական գործ հարուցված, և միգուցե նա ահբեկի՞չ էր ու նրա ազատ արձակվելը Հայաստանի կամ այլ երկրների համար կարող էր վտանգ հանդիսանալ: Նրա խոսքով, պետք է դատավորին հետաքրքեր այդ հանգամանքը, այնինչ այլ երկրում այդ անձը հետախուզվում է, իսկ նա փախել է պատասխանտվությունից ու եկել Հայաստան:
ԲԴԽ անդամների հարցադրումներից հետո դատավորները հանդես եկան եզրափակիչ ելույթներով, ինչի ժամանակ Աննա Դանիբեկյանը նշեց, որ, իր կարծիքով, Մխիթար Պապոյանը վտանգավոր միտում է տեսնում այն մասով, որ դատարանները հակված են բավարարել պաշտպանների միջնորդությունները: «Ես չգիտեմ, թե ովքեր են հակված պաշտպանների միջնորդությունները բավարարել, բայց ես դատական ակտը կայացնելիս առաջին հերթին ելնում եմ անձի իրավունքների պաշտպանության շահերից: Այսինքն, անձի իրավունքների պաշտպանությունը որպես առաջնահերթություն եմ ընդունում»,-նշեց Աննա Դանիբեկյանը:
Հավելենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կհրապարակի մարտի 14-ին:
Ալիսա Չիլինգարյան