167 էջից բաղկացած նյութեր եմ ներկայացրել, որոնք քննչական կոմիտեում մնացել են ընդամենը 2 օր. Զարուհի Մեջլումյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 21-ին, տեղի ունեցավ Մհեր Ենոքյանի և Զարուհի Մեջլումյանի՝ ոստիկանություն ներկայացված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման գործով նիստը:

Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանը, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը), 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածել) մասով:

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին:

«Հետաքննիչը մոտ 8 օր նյութեր է նախապատրաստել, ես եմ ներկայացրել, դրանք բաղկացած էին 167 էջից: Ընդամենը 2 օր է եղել քննչական մարմնում և քննիչը նույնիսկ ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել այդ նյութերին ծանոթանալու: Իսկ Մհերի հանցագործության մասին հաղորդումը ընդամենը 24 ժամ է եղել քննչականում, ուղղակի 1 տողով գրվել է, որ դրանք նույնպես ուսումնասիրվել են, բայց ես պնդում եմ, որ այդ նյութերը բավարար չափով ուսումնասիրված չեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց Զարուհի Մեջլումյանը:

Նշենք նաև, որ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը, ում դեմ էլ ներկայացվել են նշված հաղորդումները, հրապարակել էր տեսանյութ, որում Մհեր Ենոքյանը ասում է, թե մարդ են սպանել, ինչպեսև սպանվածի մարմնի դաժան կադրեր են պատկերված:

Զարուհի Մեջլումյանը նշում է, որ պետական մարմինն այդ տեսանյութը Նարեկ Մալյանին տրամադրելու համար պետք է Մհեր Ենոքյանի թույլտվությունը ունենար. «Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մենք, որպես լրագրողներ, փորձել ենք այս կամ այն անձի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ, սակայն մեզ համար ցիտվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը և մեզ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել: Խտրական վերաբերմունք է դրսևորվում»,-նշում է նա և հավելում, որ չի բացառում՝ տեսանյութը Նարեկ Մալյանին տրամադրվել է նաև այն պատճառով, որ վերջինս նախկինում աշխատել է ոստիկանությունում:

Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության համար (ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր): ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել