Ես չեմ պատրաստվում 7 տարի սպասել էս ամեն ինչին. Արթուր Այվազյանը՝ Նիկոլ Փաշինյանին վկայի կարգավիճակ տալու մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ փետրվարի 13-ին, պետք  է կայանար Արթուր Այվազյանի (մականունը «Մանախ» )գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի մարտի 31-ին ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում «Ելք» դաշինքի համակիր Հ. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ:

Նախորդ նիստին մեղադրող կողմը միջնորդել էր, որպեսզի գործով որպես վկա դատարան հրավիրվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր նա պետք է վկայություն տար դատարանում, սակայն Ազգային ժողովում կառավարության ծրագրի վերաբերյալ հարց ու պատասխանի պատճառով չի կարողացել ներկայանալ:

Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելը նպատակահարմար չէ և նա չի կարող էական հանգամանքներ հայտնել գործի վերաբերյալ։

«Ես չեմ պատրաստվում 7 տարի սպասել էս ամեն ինչին: Ես քրեադատավարական մրցակցության կողմ եմ, իմ շահերն են վիճարկվում դատական կարգով: Պաշտպանական կողմը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը էական ոչինչ չի տալու այս քրեական գործի ելքի համար»,-նշեց Արթուր Այվազյանը:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մարտի 5֊ին, ժամը 14։00֊ին։

Մանրամասները՝ տեսանյութում

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել