Մենք անիմաստ կկռվենք մեր սիրելի հայրենակիցների հետ, բայց լծակ չենք ունենա օրենքի կիրառումն ապահովելու. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակեց պատասխանել կառավարության ծրագրի վերաբերյալ հարցերին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հարց ուղղեց վարչապետին հարկային ոլորտի վերաբերյալ. «Ինչու՞ ենք հարկային օրենսգրքում փոխում այն դրույթը, որի համաձայն, տվյալ տարվա հարկային փոփոխություններն ուժի մեջ էին մտնում հաջորդ տարվա հունվարից»,- նշեց պագամավորը:

Վարչապետը նշեց, որ ժամկետների հետ կապված խնդիրը շատ էական է. «Մենք ի սկզբանե պլանավորում էինք Հարկային օրենսգրքի փոփոխություններն իրականացնել աշնանը, բայց աշնանը, դուք գիտեք, ինչ քաղաքական իրադարձություններ տեղի ունեցան: Հիմա դա իսկապես թեմա է, որը էլի խորհրդարանում պետք է քննարկենք: Իհարկե, կան թեթևացնող դրույթներ, որ մենք միանշանակ համոզված ենք, որ հենց օրենքն ուժի մեջ մտնելու պահից պետք է սկսեն գործել, բայց կան նաև դրույթներ, որոնց հետ կապված մենք 2 սցենար կունենանք, մեկը, որ տարվա կեսից են այդ փոփոխությունները մտնում ուժի մեջ, մյուսը, որ, այնուամենայնիվ, 2019 թվականի հունվարի 1-ից»,- նշեց նա:

Արտյոմ Ծառուկյանն անդրադարձավ նաև այն կետին, որով իրավաբանական, հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռն ավելանում է 4-6 անգամ:

«Այս փուլում մենք որոշեցինք այդ վիճահարույց հատվածը Հարկային օրենսգրքի փոփոխություններից հանել: Պատճառն այն է, որ այսօր ՊԵԿ-ը չունի դրա ծրագրային ապահովումը, որպեսզի կարողանա այդ հարկային վարչարարությունը իրականացնել: Այսինքն, մենք անիմաստ կկռվենք մեր սիրելի հայրենակիցների հետ, բայց այսպես, թե այնպես լծակ չենք ունենա այդ օրենքի կիրառումը իրենց նկատմամբ ապահովելու: Կլինի, որ օրենքում գրեցինք, որ իրենք այսքան հարկ պիտի վճարեն, բայց իրենք կվճարեն այնքան, որքան մինչև հիմա են վճարում կամ ավելի քիչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հետաքրքրվեց նաև, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք ստվերի դեմ պայքարի մասով ի՞նչ արդյունքներ են գրանցվել:  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միայն անցած տարի հեղափոխությունից հետո մի քանի ամսվա ընթացքում 30 հազարից ավելի աշխատատեղ ստվերից եկել են օրինական դաշտ և այդ պրոցեսը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել