ԶԼՄ-ները կազատվեն ընկերությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար պետտուրք վճարելուց

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կվերացվի սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների՝ իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը:

Նախատեսվում է, որ օրենքը 29-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից հետո կլրացվի հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունը.

«Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով հաշվառված լրատվության միջոցները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված 10 էջը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել