Իրավաբան.net-ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես է 019 HH 11 հաշվառման համարանիշերով մեքենայի վարորդի կողքին նստած ուղևորը ծխախոտի գլանակը ծխելուց հետո գցում ճանապարհին՝ մեքենայի ընթացքի ժամանակ:
Դեռևս 2010 թվականի դեկտեմբերի 8-ին ոստիկանապետի 7-Ն հրամանով սահմանվել են բոլոր պետական կառույցներին հատկացվող ծառայողական մեքենաների պետահամարանիշները: Հրամանի համաձայն՝ 001 HH 11 – 200 HH 11 համարանիշերը պատկանում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին:
Ազգային ժողովից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը տրամադրվում են ըստ պատգամավորների հերթական համարների, իսկ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը ՀՀ ԱԺ պատգամավորներին հատկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 019-ը դա ԱԺ պատգամավոր Վահան Հարությունյանի հերթական համարն է, հետևաբար, նշված պետհամարանիշը՝ նույնպես:
Հետևաբար, ծխախոտի մնացուկը դուրս է նետվել ԱԺ պատգամավորին հատկացված պետհամարանիշով մեքենայից: