Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ 2-րդ նախագահի պահման պայմանների մասին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ նրա հանդեպ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը դեռ դատարան չի տարվել, սակայն օրվա ընթացքում այն դատարան կտարվի:

Սահակյանը նշեց, որ պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ամեն օր այցելում է Ռոբերտ Քոչարյանին:

Պաշտպանը նշեց, որ թե՛ պահման պայմաններից, թե՛ իր նկատմամբ վերաբերմունքից Քոչարյանը գոհ է.

«Դժգոհություններ չունի»,-նշեց նա ու հավելեց, որ Քոչարյանը պահվում է նույն պայմաններում, ինչպես մյուս անազատության մեջ գտնվող անձիք:

Նա նշեց, որ 2-րդ նախագահը պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին երեկ՝ հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ են մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել