Հունիսի 1-ին կառավարությունը հաստատեց կառավարության ծրագիրը, որի դրույթներից մեկը վերաբերում է տնտեսական մրցակցության ապահովմանը և մենաշնորհների դեմ պայքարին:
Ծրագրի համաձայն՝ տևական ժամանակ փորձ է արվել Հայաստանի աշխարհագրական դիրքը, հարևաններից երկուսի հետ փակ սահմանները, Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ ցամաքային կապի բացակայությունը և արտաքին տնտեսաքաղաքական իրողությունները ներկայացնել` որպես տնտեսական կայուն զարգացման, մարդկային ներուժը երկրում իրացնելու և հասարակական բարեկեցության աճի ապահովման գործում ձախողումների առաջնային պատճառ։ Չնսեմացնելով տարածաշրջանային խաղաղության և հարևանների հետ բաց սահմաններ ունենալու կարևորությունը` Կառավարությունն ամրագրում է, որ վերջին տասնամյակներին Հայաստանում տնտեսական լճացման հիմնապատճառը եղել է մրցակցության և համահավասար տնտեսական հնարավորությունների դեֆիցիտը։
«Հայաստանում ոչ մի գործոն չի կարող փոխհատուցել արդարության և մրցակցության պակասը, ինչը շատ հստակ ապացուցվել է անցած տասնամյակներին երկրի զարգացման իրողություններով։ Մրցակցության և արդարության երաշխավորումը պետք է ամրագրվի և համընդհանուր ընկալվի որպես տնտեսական զարգացման անվիճարկելի հենասյուն:
Ըստ այդմ տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավական է տնտեսական մրցակցայնությունը և մենաշնորհների բացառումը։ Դիտարկումները ցույց են տալիս, որ տնտեսության մեջ մենաշնորհային երևույթների գոյությունը պայմանավորված է հիմնականում երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակում համապատասխան քաղաքական որոշումների կայացմամբ։ Հետևաբար այդ երևույթների վերացումը նույնպես քաղաքական որոշման խնդիր է, և այդ քաղաքական որոշումը արդեն իսկ կայացված և հայտարարված է ՀՀ վարչապետի կողմից։
Այդուհանդերձ, գոյություն ունի վտանգ, որ շուկայի հասանելիության ոլորտում կարող են պահպանվել իներցիոն երևույթներ և կառավարությունը մտադիր է մենաշնորհային դրսևորումների նկատմամբ մշտադիտարկում իրականացնել, դրանց հետևողական վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Քայլերը կարող են ներառել օրենսդրական, կամ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ, հրապարակային քննարկումներ, տնտեսական մրցակցության պաշտպանության մեխանիզմների գործարկում և այլն։
Կառավարությունը կարևորում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը, ելնելով այն հրամայականից, որ տնտեսական գործունեության որևէ ազատության կիրառում չպետք է հանգեցնի տնտեսական որևէ այլ գործունեությամբ զբաղվելու անհամաչափ սահմանափակման։ Այս իմաստով կառավարությունը կարևորում է կարգավորիչ մեխանիզմների գործարկումը։
Տնտեսական մրցակցության ապահովման կարևորագույն գործոններից մեկը տնտեսվարողների համար հավասար պայմանների և խաղի միևնույն կանոնների ապահոովումն է։ Այս ֆոնին կառավարությունը կարևոր է համարում հնարավոր քննելի (հետադարձ) ժամանակահատվածում պետության նկատմամբ խոշոր բիզնեսի չկատարված հարկային պարտավորությունների վերլուծությունը, և այդ պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզի համաձայնեցումը տվյալ բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այսպիսի առավել ճկուն մեխանիզմի ստեղծմանը նպաստող օրենսդրական փոփոխություններ։
Այս համատեքստում կառավարությունը երաշխավորում է քաղաքական և տնտեսական հետապնդումների բացառումը, միևնույն ժամանակ վճռական լինելով օրինականության հաստատման և պետության շահերը պաշտպանելու գործում»,-նշված է ծրագրում։