Նիկոլ Փաշինյանը չի կարող կալանավորվել. Իրավաբանների հայկական ասոցիացիա

Երեկ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ հանցագործության կատարումը կանխելու նպատակով քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության՝ Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

Հիշյալ հոդվածը սահմանում է. «1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով (200-300 հազար դրամ), կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:  2. Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը` պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (200-500 հազար դրամ), կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով»:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս հոդվածով մեղադրանք առաջադրվելու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանին և մյուս պատգամավորների հանդեպ որպես խափանման միջոց  կարող է կալանավորումը ընտրվել, Իրավաբանների հայկական ասոցիացիայից պատասխանեցին.

«Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն: Եվ, ինչպես հայտնի է, պատգամավորները ձերբակալվել են 225.1 հոդվածով սահմանված արարքներ կատարելու կասկածով և դրանով առավելագույն պատիժ սահմանվում է մինչև 3 ամվսա կալանքը: Հետևաբար, ձերբակալության 72 ժամը լրանալուն պես նա պետք է ազատ արձակվի»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել