Վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին

Քիչ առաջ վարչապետի աշխատակազմից հայտարարություն են տարածել, որի համաձայն վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Լույս» հիմնադրամի շրջանավարտների կոչին՝ վարչապետությունից հրաժարավելու վերաբերյալ.

«Սիրելի՛ «Լույս»-ականներ,

Ծանոթացել եմ մի խումբ շրջանավարտների կողմից ինձ ուղղված բաց նամակին և անհրաժեշտ եմ համարում, որ անմիջապես ինձնից լսեք այդ մտահոգությունների հակիրճ արձագանքը:

Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված:

Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ձեզ հետ քննարկելու զարգացման ուղղությամբ մեր քայլերը և ապագայի տեսլականը։ Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել Ձեր մասնագիտական կայացման գործում: Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը: Ուրախալի է, որ ձեզանից շատերը այսօր արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում՝ իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին։

Իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով. բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։

Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ: Այդ ամենամեծ գործում մենք ապավինելու ենք նաև «Լույսի» համայնքի ներուժին»։

Նշենք, որ ավելի վաղ  «Լույս» հիմնադրամի շրջանավարտները բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով նրան հավատարիմ մնալ խոստմանը և չզբաղեցնել վարչապետի պաշտոնը: Նամակը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին»։

Ինչպես գիտեք, մեր երկրում կրկին անհանգստության և խռովությունների ալիք է բարձրացել, քանի որ մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված, ներառյալ փողոց դուրս եկած երիտասարդները, կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել, և մեր ու մեր երկրի ապագան վտանգված է:

Դուք նաև գիտեք, որ մենք` ներքոստորագրյալներս, որպես Լույս հիմնադրամի կրթաթոշակառուներ, բազմաթիվ առիթներ ենք ունեցել միմյանց հայտնելու Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ երազանքներ, տեսլականներ ու ծրագրեր: Այս հարցում մեր տեսակետները չեն տարբերվել առ այն, որ մենք և Դուք բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանի պայծառ ապագա կառուցելու մեր տրամադրվածությունն ու վճռականությունը և այդ հարցում բոլորիս ջանքերի համադրման կարևորությունը: Եվ այս ճանապարհին Դուք և մենք կրկին բարձրաձայնել և կարևորել ենք ժողովրդավարության և բազմավարության դերն ու նշանակությունը:

Սակայն այսօր մենք անհանգստացած և մտահոգ ենք, քանի որ ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից: Այսպես ենք կարծում, քանի որ իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն, ինչպես նաև սերնդափոխություն ապահովելու սկզբունքը խախտվել է: Լինելով աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներ` մենք հանդիսանում ենք ժամանակակից գիտելիքի և ազատ մտքի կրողներ և հետևաբար վստահ կարող ենք ասել, որ ներառական բնույթի քաղաքական ու տնտեսական հաստատություններ չունեցող մեր երկրում իշխանության բարձրագույն պաշտոնը մեկ անձի կողմից երրորդ անգամ զբաղեցնելը` անկախ հանգամանքներից, վտանգում են ժողովրդավարությունն ու բազմավարությունը, ինչը իր հերթին գալիս է նսեմացնելու հասարակությունում արդարության և հանդուրժողականության սկզբունքները:

Հաշվի առնելով վերոգրյալը` կոչ ենք անում չգնալ ձեր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու Ձեր քայլից: Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում:

Միաժամանակ, մեր համակրանքն ենք հայտնում ցուցարար ուսանողներին և հորդորում ենք ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ նրանց նկատմամբ ճնշումներ կիրառելուց, իսկ ՀՀ ոստիկանությանը` ուժ չկիրառել փողոց դուրս եկած մեր հայրենակիցների նկատմամբ: Նրանք և մենք բոլորս պայքարում ենք ավելի լավ Հայաստանի համար:

Նամակը ստորագրել է Լույս հիմնադրամի 61 կրթաթոշակառու․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել