Ապրիլի 11-ին ՀՀ Ազգային Ժողովը միաձայն քվեարկությամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Դրան նախորդել էր «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»-ը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղում:
Ապրիլի 10-ին ՀԸԳՀ-ի վավերացման մասին ՀՀ օրենքի նախագիծը քննարկվեց Ազգային ժողովի լիագումար նիստում, ուր հարցի գլխավոր զեկուցողն էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
ԱԳ նախարարի տեղակալ Նազարյանը ԱԺ պատգամավորներին ներկայացրեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի էությունը, նպատակները, բովանդակությունը և կառուցվածքը, նշելով, որ այն նոր մակարդակի է բարձրացնում ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա հիմնված Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Նախարարի տեղակալը հավելեց, որ Համաձայնագիրը կանոնակարգում է քաղաքական և տնտեսական բնագավառում ՀՀ-ԵՄ երկխոսությունը, ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։
Կարեն Նազարյանն ներկայացրեց նաև Համաձայնագրով ստեղծվելիք ինստիտուցիոնալ շրջանակը, նշելով, մասնավորապես, որ Գործընկերության խորհուրդը, որը կողմերի նախարարական մակարդակով ներկայացուցիչներից բաղկացած բարձրագույն քաղաքական մարմինն է, իրականացնելու է նաև Համաձայնագրի կիրարկման գործընթացի վերահսկումն ու գնահատումը։
Նախարարի տեղակալը նաև կարևորեց համաձայնագրով նախատեսված խորհրդարանական վերահսկման մեխանիզմի՝ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի ստեղծումը, որը բաղկացած է լինելու ՀՀ ԱԺ և Եվրոպական խորհրդարանի անդամներից: Կարեն Նազարյանը հատուկ անդրադարձ կատարեց Համաձայնագրի նորամուծություններից մեկի՝ Քաղաքացիական հասարակության հարթակի ստեղծմանը, որը կազմված կլինի ՀՀ և ԵՄ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից և կգործի թափանցիկության, ներառականության և ռոտացիայի սկզբունքների հիման վրա։
Պատասխանելով պատգամավորների բազմաթիվ հարցերին՝ փոխնախարարը հանգամանորեն առանձնացրեց այն բոլոր ոլորտները և համապատասխան գործիքակազմը, որոնցով Համաձայնագիրը կարող է մեծապես օգտակար լինել հայ գործարարին, գիտնականին, գյուտարարին, հարկատուին, սպառողին և առհասարակ ՀՀ քաղաքացուն։ Նա, մասնավորապես, նշեց, որ համաձայնագրի կիրարկումը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանի գործարար միջավայրի և ներդրումների խթանման համար, կընդլայնի ծառայությունների առևտրի ոլորտում հայկական ընկերությունների հնարավորությունները, կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համակարգի ամրապնդմանը, մրցակցային սկզբունքների ամրապդնմանը, աշխատանքային օրենսդրության կարգավորումների արդիականացմանը, ԵՄ հետազոտությունների և նորարարությունների խոշորագույն՝ «ՀՈՐԻԶՈՆ2020» ծրագրի և «EU4Innovation» նախաձեռնության ներքո գիտահետազոտական ծրագրերին հայկական համալսարանների մասնակցության հնարավորություններին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալն ադրադարձավ նաև Եվրոպական Միության հանձնառությանը՝ Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացի մեկնարկի վերաբերյալ:
Կարեն Նազարյանն իր ամփոփիչ ելույթում կարևորեց համաձայնագրի, վավերացման ու կիրարկման հարցում յուրաքանչյուրի ներգրավվածությունը և այդ գործընթացների հանդեպ սեփականության զգացումը, քանի որ փաստաթղթի դրույթների հետևողական իրականացումը կապված է ՀՀ ու նրա քաղաքացիների երկարաժամկետ ու կայուն զարգացման առաջընթացի հետ։