9000 դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին ավագ դատախազը չէր կարող որևէ գործողություն կատարել՝ ի նպաստ որևէ մեկի. պնդում է պաշտպանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, տեղի ունեցած  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախկին ավագ դատախազի՝  Խաչատուր Բաղդասարյանի, միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով` 9000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու գործով դատական նիստը:

Ամբաստանյալ Խաչատուր Բաղդասարյանի պաշտպան Կարեն Հակոբյանը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ անդրադառնալով ենթադրյալ հանցագործության կատարման ժամանակահատվածին.

«Այդ ժամանակահատվածում պաշտոնատար անձը, տվյալ դեպքում իմ պաշտպանյալը, վերապատրաստման դասերի է մանսկացել: Եթե վերցնենք մեղադրանքի ձևակերպումը, ըստ որի, հանցագործությունը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 3-6-ն ընկած ժամանակահատվածում, ապա այդ ժամանակահատվածում իմ պաշտպանյալը իր պարտականություններից ազատված է եղել: Որևէ գործողություն կատարելու լիազորություն չի ունեցել: Օրենքը հստակ այդ հանցագործության համար նախատեսում է, որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ, սուբյեկտ, տվյալ դեպքում պաշտոնատար անձ, այսինքն ,մենք չունենք այդ պաշտոնատար անձը: Կարգի համաձայն՝ պահպանվում է նրա աշխատավարձը և պաշտոնը, իսկ մնացած մասով նա գոյություն չունի որպես պաշտոնյա»,-նշեց Կարեն Հակոբյանը:

Այսինքն, նախկին ավագ դատախազը այդ ժամանակահատվածում չէր կարող որևէ գործողություն կատարել՝ ի նպաստ որևէ մեկի:

Մեղադրական եզրակացության համաձայն՝  09.06.2012թ.-ին հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և դատախազի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ս. Ափոյանը վարկային կազմակերպությունից 40.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու նպատակով հիշյալ կազմակերպություն է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, սակայն որոշ ժամանակ անց դրանց կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է, որի կապակցությամբ հաղորդում է ուղարկվել դատախազություն:

Ենթադրվում է, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, ստացված հաղորդման ստուգման արդյունքում պարզելով, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ գույքի հափշտակությունը կազմակերպել է Ս. Ափոյանը, վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու և հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար միջնորդ Ա. Ղուկասյանի միջոցով Ս. Ափոյանից պահանջել և 2012 թվականի սեպտեմբերի 3-ին ու 4-ին ստացել է համապատասխանաբար 8.000 և 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Խ. Բաղդասարյանը 10.09.2012թ.-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո նշված քրեական գործով վարույթը կասեցվել է մինչև հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի հայտնաբերումը:

Նշենք, որ նրան հայտնաբերել են մոտ 5 տարի հետո՝ Ուկրաինայում:

25.11.2017թ.-ին նախկին ավագ դատախազի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերահաստատվել է:

Նշենք, որ նրան մեղադրանք  է առաջադրվել 311-րդ հոդվածի 4 մասին 2-րդ կետով, որի համար սահմանված է պատիժ՝ ազատազրկում՝ 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել