«Ամերիաբանկի» տնօրենն ընդդեմ ՃՈ-ի. 901 հատ վարչական ակտ է բողոքարկվել

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ վարչական տույժ նշանակելու մասին թվով 901 որոշումները անվավեր ճանաչելու պահանջով դիմել է վարչական դատարան: Նա պահանջել է հօգուտ իրեն ՃՈ-ից 876 հազար դրամ բռնագանձել: 

Այս գործը վարչական դատարանում քննվել է դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ: Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2016 թ-ի նոյեմբերի 30-ին։

02.06.2017թ.-ին հայցվորի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանի կողմից կրկին հայցապահանջի չափն ավելացնելու վերաբերյալ դիմում է ներկայացվել դատարան։

Հայցվոր կողմը սույն գործի շրջանակներում վիճարկվող  վարչական տույժ նշանակելու մասին թվով 901 որոշումները, որոնցով Արտակ Հանեսյանը ենթարկվել է վարչական տույժի տարբեր իրավախախտումների համար, ոչ իրավաչափ է համարել՝ բերելով հետևյալ փաստարկները.

2014թ-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «Սիթի Բաս» ՍՊԸ-ի միջև կնքվել է 3՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրեր, որի համաձայն թվով 23 ավտոմեքենաները գնվել և սահմանված կարգով հանձնվել են «Սիթի Բաս» ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը։

Պայմանագրերի համաձայն՝ վարձատուն, այսինքն՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն պահպանում է ավտոմեքենաների նկատմամբ սեփականության իրավունքը պայմանագրի գործողության ողջ ընթացքում։

Քանի որ ավտոմեքենաները սեփականության իրավունքով, ըստ առկա լիզինգի պայմանագրերի, իրավախախտումների պահին պատկանել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին, ուստի, բոլոր ակտերով որպես իրավախախտում կատարած անձ հանդես է գալիս Արտակ Հանեսյանը, այլ ոչ թե տաքսի ծառայության գործառույթներ իրականացնող «Սիթի Բաս››» ՍՊԸ-ն կամ նրա վարորդները։

Այսպիսով, վարչական իրավախախտման բոլոր պահերին և բոլոր դեպքերում ավտոմեքենաները վարել են այլ անձինք, այլ ոչ թե Արտակ Հանեսյանը, հետևաբար, վիճարկվող վարչական ակտերը ընդունվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 124.4-րդ հոդվածի 3-րդ մասի սխալ կիրառման հետևանքով։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, …, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն›»։

Վարչական պատասխանատվության սկզբունքներից է «Պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ։

Մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը։ Տվյալ դեպքում բացակայում է Արտակ Հանեսյանի մեղավորությունը, և դրանից էլ բխում է նաև վարչական պատասխանատվության մեկ այլ` անձնական պատասխանատվության սկզբունքի խախտում: Համաձայն սրան` անձը ենթակա է պատասխանատվության միայն անձամբ կատարած իրավախախտման համար։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի սեփականություն, ապա այն անձը, որին ամրացված է տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ»։

Սակայն, նշված կանոնից օրենսդրի կողմից կատարվել է նաև բացառություն` եթե տրանսպորտային միջոցի սեփականատերն ապացուցում է, որ տվյալ իրավախախտում կատարելիս իրեն պատկանող տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ, ապա տրանսպորտային միջոցի սեփականատերն ազատվում է վարչական պատասխանատվությունից։

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության իրավական դիրքորոշման մեջ նշվում է, որ մինչ 2016թ-ի հունվարի 1-ը կատարված իրավախախտումներով կայացված որոշումների մասով ՃՈ-ի կողմից իրավախախտ վարորդներին պարզելու նպատակով չեն կատարվել համապատասխան հարցումներ։

2016թ-ի հունվարի 1-ից հետո կատարված իրավախախտումների մասով կայացված որոշումների վրա առկա լուսանկարներում և իրավախախտումն ամրագրած տեսանյութերում տեսանելի է, որ SUZUKI մակնիշի տրանսպորտային միջոցների վրա առկա է «CITY TAXI» գրառումը։

Իսկ վիճարկվող որոշումներով ամրագրված իրավախախտումները կատարվել են այլ անձանց կողմից։

Դատարանը բավարարել է Արտակ Հանեսյանի հայցը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 63-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։
Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն. «1.Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։

Նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, քանի որ վիճարկվող որոշումներով ամրագրված բոլոր իրավախախտումները կատարվել են այլ անձանց կողմից, իսկ դրանցում Արտակ Հանեսյանի մեղավորությունը բացակայում է։

Նշենք, որ այս 901 որոշումներով Հանեսյանի նկատմամբ նշանակվել են տարբեր չափերով վարչական տուգանքներ՝ սկսած 2.000 (երկու հազար) ՀՀ դրամից մինչև 31.500 (երեսունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

Մինչ 2016թ-ի հունվարի 1-ի գործող խմբագրությամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 32-րդ հոդվածի համաձայն. «Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի սեփականություն, ապա այն անձը, որին ամրացված է տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ»։

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «4.Եթե իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձին (պետական մարմնին) պատկանող տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը գրավոր հարցում է կատարում իրավաբանական անձին (պետական մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձին)»։

Դատարանը եկել է այն եզրահանգման, որ ՃՈ-ի կողմից խախտվել են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջները, որի հիմքով, մինչ 11.01.2016թ.ը կատարված իրավախախտումների մասով ընդունված վարչական ակտերը ոչ իրավաչափ են։

2016թ-ի հունվարի 10-ից հետո կատարված իրավախախտումների մասով, Դատարանն արձանագրում է հետևյալը. «Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին›› ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն. «Վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը»։

Նշենք, որ հայցվորն ազատված է եղել պետական տուրքի վճարումից, սակայն հայցը բավարարելու պայմաններում, դատական ծախսերի հատուցման պարտականությունը կրում է պատասխանող կողմը, հետևաբար, պատասխանող ՃՈ-ից՝ հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է շուրջ 3 միլիոն 604 հազար ՀՀ դրամ՝ որպես թվով 901 վարչական ակտերի վիճարկման համար նախապես չվճարվեծ պետական տուրքի գումար։

Նշենք նաև, որ պատասխանող կողմը դիմել է Վարչական վերաքննիչ դատարան՝ վարչական ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու համար: Գործը կքննեն նախագահող դատավոր Կարեն  Ավետիսյանը և դատավորներ Կարեն Մաթևոսյանը, Կարինե Բաղդասարյան:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել