Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործով դատավճիռ ընդունելու

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ,  շարունակվեց  Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի նախկին պետ Արամ Հովսեփյանի, պետի տեղակալ Գագիկ Մազմանյանի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու  մեղադրանքով գործի քննությունը:

Հիշեցնենք, որ գործի նյութերի համաձայն, նրանք տեղյակ են եղել, որ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի սանիկը՝ «Տապինո» ընկերության տնօրեն Ռուզաննա Աբրահամյանը հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր և այդպիսով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց: Ըստ Ռուզաննա Աբրահամյանի տված ցուցմունքի՝  այդ ամենը կատարվել է իր կողմից խոշոր չափերի հասնող՝  տասնյակ հազարավոր դոլարների կաշառքներ տալու միջոցով:

Ենթադրյալ  հանցագործությունը  կատարվել  է  2007-2008 թվականներին:
Գործի վիճաբանությունների փուլում  այսօր դատարանը լսեց  մեղադրյալ Բագրատ Ասատրյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանի պաշտպանական ճառը: Նշենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Բագրատ Աստարյանը, զբաղեցնելով ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության 6-րդ բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 08.11.2007թ. թիվ 1034650 հանձնարարագրի համաձայն ընդգրկվել է «Տապինո»ՍՊ ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումն իրականացնող խմբի կազմում:

Պաշտպանն  իր խոսքում նշեց, որ մեղադրանքն առաջադրվել է անորոշ և վերացական, այն զուտ ենթադրությունների և կասկածների մի ամբողջություն քրեական գործի փաստական հանգամանքների, ապացույցների միակողմանի վերլուծության արդյունք է, քանի որ Բագրատ Ասատրյանի կողմից թույլ չի տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեորեն հետապնդելի արարք:

«2015 թվականի մարտի 13-ին նշված գործի կատարումը տրվել է ՀՀ ԱԱԾ-ին և ավագ քննիչի կողմից կատարվել է նախաքննություն: 2015 թվականի ապրիլի 1-ին որպես կասկածյալ է ներգրավվել  պաշտպանյալ իմ Բագրատ Ասատրյանը, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել: Ռուզաննա Աբրահամյանն իր տված ցուցմունքում  ակնհայտ խեղաթյուրված փաստեր է ներկայացրել՝  անձնական շահերից ելնելով»,- նշեց պաշտպանը:

Վաղինակ Գևորգյանը վկայակոչեց անցած դատական նիստին պաշտպան Վարդուհի Էլբակյանի կողմից հնչած այն միտքը, որ քրեական գործի նախաքննությունը կատարվել է ԱԱԾ-ի կողմից, որը  ոչ իրավասու մարմին է այսօրինակ հանցագործություններ քննելու համար և, ի սկզբանե, այդ գործի նախաքննությունը պետք է իր վրա վերցներ ՀՔԾ-ն:

Պաշտպանը նշեց նաև, որ իր պաշտպանյալն ամուսնացած է, ունի պաշտաճ վարքագիծ, ինչպես նաև բարեխղճորեն է կատարել  իր աշխատանքը․ «Բագրատ Ասատրյանին որպես մեղադրյալ ներգրավվելու որոշումից ելենով՝  գտնում եմ, որ այն ահիմն է քրեական գործի ապացույցների բացակայության և միակողմանի վերլուծության արդյունքի հետևանքով», – ասաց պաշտպանը:

Բագրատ Ասատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Ավարտելով պաշտպանական ճառը, Վաղարշակ Գևորգյանը նշեց, որ խնդրում է իր պաշտպանյալ  Բագրատ Ասատրյանին ճանաչել և հռչակել անմեղ, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ու արդարացնել:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանն անդրադառնալով  պաշտպանական կողմի այն արտահայտությանը, որ Ռուզաննա Աբրահամյանի կողմից տրված ցուցմունքները և բոլոր գործողությունները կատարվել են անձնական շահերից ելնելով՝  ասաց, որ Ռուզաննան ազատվել է քրեական պատասխանատվությունից օրենքի խստիվ պահպանմամբ:

Ռեպլիկի իրավունքից օգտվեց ամբաստանյալ  Պատվական Հայրապետյանը: Ասաց, որ բանկային քաղվածքները վերցրել են և ընդունել են որպես այս գործում եղած ապացույց. «Հանկարծ ապացույցների շարքում ի հայտ է գալիս ինչ-որ աուդիտ: Ո՞վ է արել դա: Փորձագետը չի արել: Արել է քննիչը: Ինչպե՞ս կարող է քննիչը տալ փորձագիտական եզրակացություն»,- ասաց Պատվական Հայրապետյանը:

Այդուհետև դատարանը վերջին խոսքի իրավունք տվեց ամբաստանյալներին, որից բոլորն օգտվեցին:

Արամ Հովսփյանն ասաց. «Ես ամբողջովին հերքում եմ կաշառք վերցնելու հանգամանքը: Բոլորս գիտենք, թե ինչի էր ընդունակ Ռուզաննա Աբրահամյանն ու այդ պարագայում կաշառք վերցնել մի անձնավարությունից, որն անմիջապես կապված էր Միրզոյան Անդրանիկի հետ, առնվազն կամիկաձեություն կլիներ, և այն փաստարկները, որոնք դրվեցին դատարանի դահլիճում, ես այն ամբողջությամբ մերժում եմ»:

Գագիկ Մազմանյանը,  վերջին խոսքի իրավունքից օգտվելով ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Ընդհանրապես կարող եմ ասել, որ իմ պաշտպանն ինչ ներկայացրել է դատարանում,  բոլորի հետ համաձայն եմ: Խնդրում եմ ինձ արդարացնել:

Պատվական Հայրապետյանը  ասաց. « Ինձ առաջադրված մեղադրանքը ես չեմ կատարել: Ես այդ համակարգում աշխպատում եմ  2 տասնյակից ավել  տարի և ինձ թվում է, որ դա ավելի խոսուն է, քան այն սուտը, որ ներկայացվել է»:

Բագրատ Ասատրյանն իր վերջին խոսքում ասաց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ինձ ճանաչեք անմեղ»:

Այսպիսով, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և կվերադառնա 2018 թվականի հոնւվարի 23-ին, ժամը 13-30՝ հրապարակելու այս գործով դատավճիռը:

Հիշեցնենք, որ Արամ Հովսեփյանի և Գագիկ Մազմանյանի դեմ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ գործով անցնող մյուս երկու ամբաստանյալի՝ Պատվական Հայրապետյանի և Բագրատ Ասատրյանի դեմ՝ ստորագրությունը՝ չհեռանալու վերաբերյալ:

Հ. Գ. Մեղադրվող կողմը չցանկացավ տեսա- և լուսանկարահանվել, իսկ պաշտպան Աշոտ Սարգսյանը կատակեց. «Եթե դատախազն իր մեղադրանքը ետ վերցնի, ապա ինչու՞ ոչ, կարող ենք նկարվել»։

Ծանուցում. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված  չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝  դատարանի՝  օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել