Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է։ Այս օրերի ընթացքում պահպանվում է աշխատատեղը և աշխատակցին վճարվում է միջին աշխատավարձը: Սա ամրագրված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածներով։
Եթե այս օրերին գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոները և հիշատակի օրերը, ստացվում է, որ տարեկան նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր ենք ունենում։
Կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որի համաձայն, եթե այն արժանանա գործադիրի հավանությանը, ապա Ամանորի տոներն ու տոնական արձակուրդները հաջորդ տարվանից կտոնենք դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը։
Համեմատության համար նշվում է, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները:
Բրազիլիայում շարքային աշխատողները տարեկան ստանում են 30 օր վճարվող արձակուրդ` գումարած 11 ոչ աշխատանքային ազգային տոները. ստացվում է` տարեկան 41 օր վճարվող արձակուրդ:
Մեծ Բրիտանիայում ազգային տոներն կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ:
Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են: Ավստրիացիները նաև ունեն 13 տոնական օր, այնպես որ արձակուրդի ընդհանուր ժամկետը կազմում է 38 օր: