ՔՀԿ ներկայացուցիչներին հանձնվեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի ավարտական հավաստագրեր

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներ ստացան հավասատագրեր այն մասին, որ մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրին։ Կրթական ծրագիրն ավարտեցին 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ Հայաստանի յոթ մարզից։

Կրթական ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ լսելի դարձնելն է։

«Այս ծրագիրը մեծապես ազդեցություն է ունենալու մեր հետագա գործունեության վրա։ Ստացված գիտելիքների շնորհիվ կարող ենք համագործակցել մյուս ՔՀԿ-ների հետ, ստեղծել ՔՀԿ-ների ցանց, կոալիցիա՝ շոշափելի արդյունքներ ունենալու համար»,- ասաց ծրագրի շրջանավարտ Շիրակի մարզի «Ախուրյան» երիտասարդական ՀԿ նախագահ Լևոն Իգիթյանը։

Արթիկի շրջանի «Մարդկային կապիտալի զարգացման կենտրոնի» ներկայացուցիչ Մելսիդա Կիկոյանը նույնպես խոսեց ստացած գիտելիքների կարևորության մասին․ «Ես այժմ ունեմ այն գիտելիքները, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ համագործակցել տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների հետ, մասնակցել նրանց կողմից մշակվող հանրային քաղաքականությունների քննարկումներին և նույնիսկ ազդեցիկ լինել ընդունվող որոշումների դեպքում»։

Նշենք, որ կրթական ծրագիրն իրականացվելու է ընդհանուր առմամբ 120  ՔՀԿ ներկայացուցիչների համար՝  Երևանից և մարզերից։ Կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցները կուսուցանվեն հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով:

Կրթական ծրագիրը կշարունակվի նաև  Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ավարտից հետո։ ՔՀԿ ներկայացուցիչները շարունակաբար հնարավորություն են ունենալու վերոնշյալ ոլորտներում նոր գիտելիքներ և հմտություններ ձեռքբերել։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել