Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շարունակվեց էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության գործով դատական քննությունը:
«Յանուս» թատրոնի ղեկավար, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար։
Այսօր դատարանն անցավ իրեղեն ապացույցների հետազոտմանը: Որպես իրեղեն ապացույց դատարանում ներկայացվեց Անի Մաջնունյանի բնակարանից հայտնաբերված նոթատետրերն ու դրամապանակը: Դրամապանակից հայտնաբերվեց միայն 100 ՀՀ դրամ գումար: Մեկ այլ կնքված պոլիէթիլենային տոպրակից դուրս բերվեց և ներկայացվեց նրա սոցիալական քարտը, վկայականը և կնիք: Ամբաստանյալն ուսումնասիրեց այդ իրեղեն ապացույցները:
Դատարանի կողմից բացվեց ևս մեկ տոպրակ, որի մեջ կանացի ձեռնոցներ էին և կաշվե պայուսակ: Ամբաստանյալը դատարանին խնդրեց, որ բացեն նաև պայուսակը, ասելով, որ իրեն հետաքրքրում է այդ պայուսակի չափսերը: Նա ուսումնասիրեց այն և կրկին դրեց տոպրակի մեջ:
Իրեղեն ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդություն արեց՝ դատական նիստը հետաձգել՝ հետագայում ամբաստանյալի շահերը պաշտպանությանը պատրաստվելու համար։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերին:
Իրավաբան.net -ի հետ զրույցում պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանը չի ընդունել իր մեղքը ո՛չ նախաքննության փուլում, ո՛չ էլ դատաքննության ամբողջ ընթացքում: Պաշտպանը շեշտեց, որ ամբաստանյալը սպանությանն իր մասնակցությունն առհասարակ հերքում է: Մեր այն հարցին, թե՝ ամբաստանյալը չի՞ եղել դեպքի վայրում, պաշտպանն ասաց.«Ոչ թե նա դեպքի վայրում է եղել, այլ այդ օրը, պարզապես է եղել Անի Մաջնունյանի բնակարանում, սակայն փաստարկվում է, որ նա հաճախ է եղել Անիի բնակարանում մինչ այդ, հետևաբար, տվյալներն այնտեղ գտնվելու փաստը չի կարող ինչ-որ արտառոց նշանակություն ունենալ»:
Լուսանկարում՝ սպանված Անի Մաջնունյանը
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net