«Հայաստանում, կարծես, դատական համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկողությունը հնարավոր է երկու կարևոր մակարդակներում՝ դատավորների նշանակման և այնուհետև նրանց առաջխաղացման հարցերում»,- նման կարծիք հայտնեց Լիսաբոնի վերաքննիչ դատարանի ավագ դատավոր Կարլոս Մարինյոն։
Նշենք, որ պորտուգալացի դատավորը Հայաստանում էր հոկտեմբերի 30-31-ին Երևանում արդարադատության նախարարության հետ համատեղ կազմակերպված TAIEX-ի (Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցություն և տեղեկատվության փոխանակման գործիք) աշխատաժողովի շրջանակներում։
Պարոն Կարլոս Մարինյոյի կարծիքով, ժողովրդավար պետություն համարվելու համար անհրաժեշտ է ունենալ երեք տարբերակված և անկախ ուժ․ «Դատավորները պետք է ընտրվեն դատավորների կողմից, իսկ նախագահը չպետք է նշանակումների նկատմամբ վերահսկողություն ունենա»։
Բացի դրանից, պետք է Սահմանադրության մեջ նախատեսել, որ միայն դատական մարմինը պետք է դատավորներ նշանակի։ Հայաստանը դրա կարիքն ունի․ «Այն չունի դատավորների անկախության այնպիսի ավանդույթներ, ինչպիսիք կարող են ունենալ այլ պետություններ: Եթե պատրաստվում եք ասել, որ դա անհնարին է, քանի որ Սահմանադրությունը թույլ չի տալիս, ապա փոխեք Սահմանադրությունը, քանի որ միջազգային պայմանագրերը գերակա են»։
Փորձագետը հույս հայտնեց, որ չի լսի այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք լսել է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում՝ ի պատասխան իր առաջարկություններին․«Թող դատավորները անկախ լինեն, եթե կարող եմ վերահսկել նրանց առաջխաղացումը», կամ «Եթե դատավորները անկախ լինեն, ինչպե՞ս կարող եմ վերահսկել կոռուպցիան»։
Իր ելույթում պարոն Մարինյոն Հայաստանում թափանցիկության բացակայությունը բնութագրեց որպես «դրամատիկական», քանի որ դրանից է բխում կոռուպցիայի ընկալումը և իր անհանգստությունն արտահայտեց Հայաստանի քաղաքացիների հաղորդակցման և իրազեկվածության ցածր մակարդակի առնչությամբ։ «Մենք դրան վերաբերող զեկույցների ենք հանդիպել, հարցազրույցներ ենք անցկացրել դատավորների հետ, ովքեր հաստատում են, որ դա այդպես է, և նույնիսկ քաղաքացիները չեն հավատում (վստահում) դատական համակարգին, քանի որ կարծում են, որ այն չի կարող փոխվել»։
Առաջարկվող լուծումներից մեկը իրական ժամանակի վիճակագրության և ախտորոշիչ միջոցների իրականացումն է։ «Եթե դատական համակարգերը իրական ժամանակում տեղեկացնեն քաղաքացիներին իրական ժամանակի տվյալների մասին, ապա ամեն ինչ կկազմակերպված և թափանցիկ կլինի»։
Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ քաղաքացիները չեն նկատում ՀՀ կառույցների կողմից մինչև օրս կատարված աշխատանքները։ Նա հայտարարեց, որ «առանց տեղեկացվածության հնարավոր է ահավոր պատասխաններ ունենալ» և այն ինչ անհրաժեշտ է դա ընդամենը քաղաքացիներին տվյալներ տրամադրելն է։
Այլ խնդիրներից բացի, պրն. Մարինյոն մտահոգված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմի առնչությամբ։ Ի հակադրություն Հայաստանի կողմից ստորագրված Եվրոպայի Խորհրդի դրույթների, Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից՝ չնայած, որ անդամների ընդհանուր թիվը պետք է կենտ լինի։ Սակայն առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ խորհրդի կազմում դատավորները ակնհայտ մեծամասնություն չեն։ Հայաստանում Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 5 դատավորներից և 5 ոչ դատավորներից: Այսպիսի իրավիճակը նվազեցնում է մարմնի արժանահավատությունը, քանի որ միշտ կա հավասար ձայների առկայության հնարավորությունը։ Փորձագետը առաջարկել է երկու լուծում. խորհրդի անդամների կազմը կենտ դարձնել, կամ ընտրել այն անձին, որը որոշում կընդունի ձայների հավասարության դեպքում, նույն կերպ, ինչպես Բրիտանական պառլամենտում։
«Դատական անկախության, դատական գործընթացի արդյունավետության և արդարադատության մատչելիության խթանումը Հայաստանի համար պետք է պարտադիր լինի։ Դա այն է, ինչ ընդունվելու դեպքում կփոխվեն մեր առաջարկությունները. մենք պետք է ստեղծենք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անկախություն»։
Խոսե Նիկոլաս Դոմինգես
Իրավաբան.net