Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատաքննության ժամանակ այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը:
Վերջինս նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Զոհրաբյանը հերքեց այն հանգամանքը, թե սպանությունը նախապես պլանավորված է եղել, ասաց, որ նման մտադրություն չի եղել: Ինքը Կարենի հետ մտերիմ է եղել, Կարենի ցանկությունն է եղել բնակարանն իրեն նվիրել: Ինքն էլ մի քանի անգամ Կարենին է գումար տվել․
«Կարենը դժգոհում էր, որ աշխատավարձն ուշացնում են, և ես նրան իմ սրտի ցանկությամբ մի քանի անգամ գումար եմ տվել»,- ասաց նա, ապա անդրադառնալով միջադեպին՝ ընդգծեց, որ ճանապարհին Կարենը լավ տրամադրություն է ունեցել, իսկ Արթուր Միհրանյանի տրամադրությունը վատ է եղել, նկատել են՝ օղի է խմում:
«Ճանապարհին Արթուրը Կարենից գումար խնդրեց: Կարենն ասաց, որ հիմա չի կարող տալ, Դուբայ գնա-գա, նոր կտա: Հետո սկսվեց վիճաբանություն: Նրանք մեքենան մի քանի անգամ կանգնեցրին, առանձնացան և խոսեցին: Հետո Արթուրը քար վերցրեց և հարվածեց Կարենի գլխին: Ես այդ ժամանակ մեքենայից մի քանի կիլոմետր հեռու եմ եղել, և մեկ անգամ եմ տեսել, որ հարվածել է, իսկ, թե ճանապարհահատվածի ո՞ր մասում, չեմ հիշում: Ես փորձեցի նրանց բաժանել, տեսա, որ ոչինչ չեմ կարող անել, նեղացած և վախեցած հեռացա այդտեղից, չմտածեցի, որ այդպիսի հետևանք կլինի»,- պատմեց Գևորգը:
Նա նշեց, որ դեպի Երևան եկող ճանապարհին կանգնեցրել է «Օպել» մակնիշի տաքսի և եկել Երևան, ապա Լենինգրադյան փողոցում՝ մեկ այլ մեքենայի մեջ սպասել Արթուրին: Իսկ Արթուրը եկել և ասել է, թե Կարենն արդեն չկա, մահացել է, դին գտնվում է իր մեքենայի մեջ, ապա սպառնացել, որ ոչ մեկին այդ մասին չասի:
«Ես չգիտեի՝ ի՞նչ անել, դրա համար համաձայնեցի նրա հետ գնալ իր քեռու տուն՝ շորերը փոխելու: Կարենի բջջային հեռախոսի քարտը վերցրել եմ դեպքից հետո, մտել եմ Facebook սոցիալական ցանց, գրառում կատարել՝ էլի ժամանակ շահելու համար: Ես Արթուրի հետ չեմ եղել, երբ նա Կարենի դին տարել է իմ ավտոտնակ և այնտեղ թաղել»,- ներկայացրեց ամբաստանյալ Զոհրաբյանը:
Ամբաստանյալի՝ ցուցմունքը ներկայացնելուց հետո գործով դատախազ Վիգեն Պետրոսյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվի նախաքննական ցուցմունքը, քանի որ առկա էին ակնհայտ հակասություններ: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Նախաքննական ցուցմունքում Գևորգ Զոհրաբյանը նշել էր, որ նրանք Սևանից 3-ով են եկել Երևան, ինչպես նաև ինքը Կարենից խնդրել է հեռախոսը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» քարտով զանգ կատարելու նպատակով:
Առկա հակասություններն ամբաստանյալը բացատրեց նրանով, որ շոկային վիճակում է եղել, ուշադիր չի եղել, նախաքննական ցուցմունքների բովանդակությանը լրիվ ծանոթ չէ, և իրեն հետաքրքրել է այն պահը, որ նշի՝ ինքը սպանությունը չի կատարել:
«Քննիչներն ինձ ուղղորդում էին: Հարցաքննության ժամանակ ասում էին՝ բնակարանը քեզ ա տվել, դու էլ սպանել ես: Նախաքննական ցուցմունքս սխալ է, ճիշտ է այստեղ ներկայացված ցուցմունքս: Արթուրի սպառնալիքի մասին և այլ մանրամասներ չեմ հայտնել՝ մտածելով, որ կներկայացնեմ դատարանում»,– ասաց ամբաստանյալը:
Այնուհետև նրա հարցաքննությունից պարզ դարձավ, որ ինքը և Կարենն են գնացել, իրենց համար տոմսեր պատվիրել, սակայն հետո, երբ տուրիստական գործակալություն է զանգել և չեղարկել իր պատվերն, այդ ժամանակ Գևորգը միայնակ է եղել:
Ապա Գևորգ Զոհրաբյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդություններ ներկայացրեց՝ Արթուր Միհրանյանի քեռու ընտանիքի անդամներին նորից հարցաքննելու վերաբերյալ, ինչպես նաև միջնորդեց դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննություններ նշանակել՝ պարզելու մինչ մահը Կարեն Վարդանյանի հոգեկանա վիճակի վերաբերյալ․ արդյո՞ք նա հոգեկան հիվանդություն ունեցել է, թե՝ ոչ։ Միջնորդությունները մերժվեցին:
Կարեն Վարդանյանի սպանության գործով ամբաստանյալների հարցաքննությունն այսօր ավարտվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:30-ին:
Արմինե Ալոյան