Արցախյան հերոսը դատապարտվել է՝ հիվանդության պատճառով ծառայության չներկայանալու համար

Ապրիլյան պատերազմի հերոս 24-ամյա  Վլադիմիր Մանուկյանը, ով նախորդ տարվա ապրիլին մասնակցել է պատերազմական գործողություններին, վիրավորվել ու մարտական շոկի հետևանքով լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերել, դատարանի կողմից ազատազրկման է դատապարտվել:

Ավագ լեյտենանտ Վլադիմիր Մանուկյանի մասին ավելի վաղ  Իրավաբան.net-ը գրել է: Ապրիլի 30-ին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ձեռքի դաստակային հատվածում հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել, երբ փորձելիս է եղել փրկել թշնամու կրակի տակ ընկած իր զինվորին:

Տեղափոխվել է Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ և բուժվելուց հետո մայիսին վերադարձել է ծառայության: Մարտական դիրքերում ծառայության ժամանակ, երբ տեսել է այն վայրերը, որտեղ պատերազմական գործողություններին ինքը մասնակից է եղել,  նրա մոտ սկսվել են գլխացավեր, անքնություն, տեսիլքներ-մղձավանջներ:

Սրա հետևանքով տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալում բուժում է ստացել ապրիլյան պատերազմի հետևանքով ձեռքբերած «Հետտրավմատիկ սթրեսային խանգարում» (մարտական շոկ) հիվանդության համար:  Կենտրոնական ռամաբժշկական հանձնաժողովի որոշմամբ Վլադիմիրը ճանաչվել է  պիտանի զինծառայության համար՝  սահմանափակումով:

Վլադիմիրը մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ սահմանափակումը ենթադրում է մարտական դիրքերում ծառայություն չիրականացնել, ենթակա անձնակազմ չունենալ և այլն:

Սեպտեմբերի 29-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Եվ, ըստ կարգի, պետք է 3 օր ժամկետում վերադառնար ծառայության, այսինքն՝ Թալիշ:

Սեպտեմբերի 30-ին նա գրավոր դիմում է պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել իր բնակավայրին մոտ գտնվող զորամաս կամ համապատասխան վճարումների դիմաց ազատ արձակել ծառայությունից։ Նամակին որևէ պատասխան չի լինում։ Վլադիմիրը նախարարին ուղղված նամակում ընդգծում է՝ ծառայությունը թողնել չի ուզում, սակայն բուժումն անհրաժեշտ է և կենսական:

Հոկտեմբերին Վլադիմիրն արդեն երկրորդ նույնաբովանդակ նամակն է գրում պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին։ Պատասխանն ուշանում է։

Բուժում ստացող Վլադիմիրը հոկտեմբերի 2-18-ը չի ներկայանում զորամաս։ Հոկտեմբերի 28-ին քրեական գործ է հարուցվում՝ զորամասն ինքնակամ թողնելու հիմքով։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Սարգսյանի,  ապացուցված է համարել Վլադիմիրին մեղագրված արարքը և դատապարտել է նրան 1 տարվա պայմանական ազատազրկման՝ սահմանելով մեկ տարվա փորձաշրջան:

Վլադիմիրը թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում իրեն առաջադրված մեղքը չի ընդունել: Դատավճիռը բողոքարկել վերաքննիչ ատյանում:

Փաստացորեն,  պետությունը այսպես է որոշել պարգևատրել Վլադիմիրին,  ով սահմանին մարտական առաջադրանք է կատարել, տեսել ընկերոջ մահը, վիրավորվել, ու ընդամենը բուժման համար ժամանակ է խնդրել․․․

Հ․Գ․ Ի դեպ, 2016-ի դեկտեմբերին Վլադիմիրին տեղափոխել են Վանաձորում ծառայության։ Դատական գործում կան դրական բնութագրեր նրա ծառայության վայրերից, ղեկավարներից: 

Իրավաբան.net   

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել